Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ. Chapter 26
1 Եւ երկրի ամբողջ ժողովուրդը առաւ տասնվեցամեայ Օզիասին եւ թագաւոր դարձրեց նրան իր հայր Ամասիասի փոխարէն։
2 Նա վերակառուցեց Ելաթը եւ այն վերադարձրեց Յուդայի երկրին, երբ արքան արդէն գնացել էր իր նախնիների գիրկը։
3 Օզիասը թագաւոր դարձաւ տասնվեց տարեկան հասակում եւ յիսուներկու տարի թագաւորեց Երուսաղէմում։ Նրա երուսաղէմացի մօր անունն էր Յեքելիա։
4 Նա արեց այն, ինչ ուղիղ էր Տիրոջ առջեւ, ըստ այն ամենի, որ իր հայր Ամասիասն էր արել։
5 Զաքարիա իմաստունի կենդանութեան օրօք Օզիասը Տիրոջ երկիւղով Տիրոջն էր յարել։ Նրա օրերին նա Տիրոջը ձգտեց։ Եւ Տէրը նրան յաջողութիւն պարգեւեց։
6 Նա ելաւ ու պատերազմեց այլազգիների դէմ, քանդեց Գեթի պարիսպը, Յաբիսի պարիսպը, Ազոտի պարիսպը եւ այլազգիների մօտ կառուցեց Ազոտի քաղաքները։
7 Տէրը նրան զօրացրեց այլազգիների, քարայրաբնակ արաբների եւ մինեցիների դէմ։
8 Մինեցիները հարկ էին տալիս Օզիասին, եւ նրա անունը տարածուեց մինչեւ Եգիպտոս, որովհետեւ նա շատ հզօրացաւ։
9 Օզիասը կառուցեց Երուսաղէմի աշտարակները Ձորի դռան ու Անկեան դռան մօտ եւ ամրացրեց դրանք։
10 Նա աշտարակներ կառուցեց անապատում եւ բազում ջրհորներ փորեց, որովհետեւ շատ անասուններ ունէր Սեփելայում ու ցածրադիր դաշտավայրում եւ այգեգործներ՝ լեռներում եւ Կարմելոսում. նա սիրում էր երկրագործութիւնը։
11 Օզիասն ունեցաւ մարզուած զօրք՝ պատրաստ պատերազմելու։ Եւ նրա գնդերը մարտի էին ելնում։ Նրանց թիւը յայտնի էր Յեէլ գրագրին, Մասիաս դատաւորին եւ արքայի փոխանորդ Անանիային։
12 Պատերազմի ժամանակ բոլոր քաջազուն ցեղապետների գնդերում լինում էր երկու հազար վեց հարիւր զինուոր։
13 Նրանց հետ կար երեք հարիւր եօթը հազար հինգ հարիւր հոգուց բաղկացած պատերազմող զօրք։ Սրանք էին, որ մեծ հզօրութեամբ օգնելով արքային՝ պատերազմում էին թշնամիների դէմ։
14 Օզիասը ամբողջ զօրքի համար պատրաստել տուեց վահաններ, նիզակներ, սաղաւարտներ, զրահներ, աղեղներ եւ քարանետ պարսատիկներ։
15 Երուսաղէմում նա մեծ վարպետութեամբ սարքուած մեքենաներ պատրաստել տուեց, որոնք պարիսպների ու անկիւնների վրայ դրուելով՝ նետեր ու հսկայ քարեր էին արձակում։ Նրա ռազմական պատրաստութեան մասին լսեցին հեռաստաններում, որովհետեւ նա իր հզօրութեան համար պարտական էր սքանչելի օգնութեան։
16 Երբ Օզիասը զօրացաւ, այնքան մեծամտացաւ, որ անխուսափելի դարձաւ նրա կործանումը։ Նա անիրաւութիւն գործեց իր Տէր Աստծու դէմ. մտաւ Տիրոջ տաճարը եւ խունկ ծխեց խնկի սեղանի վրայ։
17 Նրա յետեւից մտաւ Ազարիաս քահանան, Ազարիասի հետ Տիրոջ ութսուն քահանաներ՝ հզօր մարդիկ,
18 որոնք կանգնելով Օզիաս արքայի դիմաց՝ ասացին նրան. Օզիա՛ս, դու Տիրոջը խունկ ծխելու իրաւունք չունես, այլ՝ միայն Ահարոնի որդի քահանաները, որոնք սրբագործուած են խունկ ծխելու համար։ Ելի՛ր սրբարանից, քանի որ ապստամբեցիր Տիրոջ դէմ, եւ դրա համար Տէր Աստծու առջեւ դու փառք չես գտնի։
19 Օզիասը զայրացաւ, եւ երբ, իր ձեռքին ունենալով տաճարում խունկ ծխելու բուրվառը, բարկացաւ քահանաների վրայ, բորոտութիւն երեւաց նրա ճակատին, քահանաների առջեւ, Տիրոջ տանը, խնկի սեղանի մօտ։
20 Առաջին քահանան եւ միւս քահանաները նրա կողմը դարձան եւ տեսան, որ նրա ճակատը բորոտութեամբ է պատած, ուստի նրան անմիջապէս դուրս հանեցին։ Ինքն էլ փութաց դուրս գալ, քանի որ Տէրը պատժել էր նրան։
21 Օզիաս արքան բորոտ մնաց մինչեւ իր վախճանը։ Նա տան մէջ մեկուսացած էր նստում բորոտ վիճակում՝ արտաքսուած Տիրոջ տնից։ Նրա որդի Յովաթամը, դառնալով թագաւորական տան վերակացուն, ղեկավարում էր երկրի ժողովրդին։
22 Օզիասի մնացեալ գործերը, սկզբից մինչեւ վերջինը, գրի է առել Ամոսի որդի Եսայի մարգարէն։
23 Օզիասը գնաց իր նախնիների գիրկը, եւ նրան թաղեցին իր նախնիների մօտ, թագաւորների գերեզմանների դաշտում, որովհետեւ նա բորոտ էր։
24 Նրա փոխարէն թագաւորեց իր որդի Յովաթամը։