ՏԻՏՈՍ. Chapter 2

1 Բայց դու սովորեցրո՛ւ այն, ինչ որ վայել է ողջամիտ վարդապետութեանը.
2 որ ծերերը լինեն զգաստ, պարկեշտ, խոհեմ, ողջամիտ՝ հաւատի, սիրոյ, համբերութեան, ժուժկալութեան մէջ։
3 Պառաւ կանայք նոյնպէս լինեն զգաստ եւ սրբերին վայել վարմունք ունենան. ոչ բանսարկու, ոչ գինեմոլ, այլ՝ բարեխրատ,
4 որ խրատեն դեռատի կանանց՝ սիրելու իրենց մարդկանց, լինելու որդեսէր,
5 խոհեմ, մաքրակենցաղ, տնարար, բարեգործ, հնազանդ իրենց մարդկանց, որպէսզի Աստծու խօսքը եւ վարդապետութիւնը չանարգուի։
6 Երիտասարդներին նոյնպէս յորդորի՛ր լինել խոհեմ,
7 քո անձը բոլորին օրինակ դարձրո՛ւ բարի գործերի համար, ուսուցման մէջ պահի՛ր անեղծութիւն, սրբութիւն, պարկեշտութիւն,
8 ողջամիտ խօսք՝ պարսաւանքի տեղի չտուող, որպէսզի, ով որ հակառակուի, ամօթով մնայ եւ մեր մասին ասելու որեւէ չար բան չունենայ։
9 Յորդորի՛ր ծառաներին, որ հնազանդ լինեն իրենց տէրերին եւ ամէն ինչում լինեն հաճելի նրանց. ոչ հակառակուող,
10 ոչ շորթող, այլ ցոյց տան կատարեալ հաւատարմութիւն՝ բարութեամբ, որպէսզի մեր Փրկչի՝ Աստծու վարդապետութիւնը ամէն ինչում զարդարեն։
11 Քանզի Աստուած իր շնորհը յայտնեց որպէս փրկութեան միջոց բոլոր մարդկանց,
12 շնորհ, որ խրատում է մեզ, որ մերժենք ամբարշտութիւնը եւ աշխարհիկ ցանկութիւնները, այս աշխարհում ապրենք զգաստութեամբ, աստուածապաշտութեամբ
13 եւ ակնդէտ սպասենք երանելի յոյսին եւ փառքի յայտնութեանը մեծն Աստծու եւ մեր Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի,
14 որ իր անձը տուեց մեզ համար, որպէսզի մեզ փրկի ամէն անօրէնութիւնից եւ մաքրի որպէս իրեն սեփական ժորովուրդ՝ նախանձախնդիր բարի գործերի։
15 Այս բաները խօսի՛ր, յորդորի՛ր եւ յանդիմանի՛ր ամենայն խստութեամբ, որպէսզի չլինի մէկը, որ քեզ արհամարհի։