ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ. Chapter 20
1 Եւ տեսայ մի ուրիշ հրեշտակ, որ իջնում էր երկնքից եւ իր ձեռքին ունէր դժոխքի փականքներն ու մեծ շղթաներ։
2 Եւ բռնեց վիշապին՝ հին օձին, որ է բանսարկուն եւ Սատանան. եւ հազար տարով կապեց նրան։
3 Նրան գցեց դժոխքի անդունդների մէջ եւ փակեց ու կնիք դրեց նրա վրայ, որպէսզի այլեւս երբեք չմոլորեցնի ազգերին, մինչեւ որ լրանայ հազար տարին։ Եւ այնուհետեւ պէտք է, որ նա արձակուի մի փոքր ժամանակով։
4 Տեսայ նաեւ գահեր. նստեցին դրանց վրայ. եւ նրանց իշխանութիւն տրուեց դատելու եւ ընտրելու այն հոգիներին, որոնք Յիսուսին եւ Աստծու խօսքին իրենց տուած վկայութեան համար չարչարուել էին. նաեւ նրանց հոգիներին, որոնք չերկրպագեցին գազանին եւ չստացան նրա դրոշմը իրենց ճակատների, ոչ էլ իրենց աջ ձեռքի վրայ. եւ նրանք նորից կեանք ստացան ու թագաւորեցին Քրիստոսի հետ հազար տարի։
5 Եւ սրանից յետոյ մեռելներից ոչ ոք չկենդանացաւ, մինչեւ կը լրանար հազար տարին։ Ա՛յս է մեռելների առաջին յարութիւնը։
6 Երանի՜ այն սրբերին, որոնք բաժին ունեն առաջին յարութեան մէջ։ Սրանց վրայ երկրորդ մահը իշխանութիւն չունի. նրանք պիտի լինեն քահանաներ Աստծու եւ Տէր Յիսուս Քրիստոսի ու նրա հետ պիտի թագաւորեն հազար տարի։
7 Հազար տարի յետոյ հրեշտակը պիտի արձակի Սատանային եւ պիտի հանի բանտից. եւ սա պիտի ելնի ու պիտի մոլորեցնի բոլոր ազգերին երկրի չորս կողմերում. Գոգը եւ Մագոգը ձեռքը պիտի առնի՝ դրանցով հաւաքելու համար բոլոր զօրքերը, որ պատերազմեն. եւ նրանց թիւը՝ ինչպէս ծովի աւազը.
8 նրանք պիտի դուրս գան երկրի ամբողջ լայնքով եւ պիտի շրջապատեն սրբերի բանակներն ու սիրելի քաղաքը։
9 Եւ երկնքից, Աստծու մօտից կրակ պիտի իջնի ու պիտի լափի նրանց եւ նրանց զօրագլխին՝ Սատանային, որը մոլորեցրեց նրանց. նա նրանց պիտի գցի կրակի եւ ծծմբի ծովի մէջ,
10 ուր գտնւում էին գազանը եւ սուտ մարգարէն. եւ նրանք պիտի չարչարուեն զօր ու գիշեր։
11 Տեսայ նաեւ մի մեծ, սպիտակ գահ եւ նրան, ով նստել էր դրա վրայ. նրա ներկայութիւնից երկինք ու երկիր երկիւղ կրեցին ու փախան. եւ նրանց համար տեղ չգտնուեց։
12 Եւ տեսայ մեռելներ, մեծ ու փոքր, որոնք կանգնել էին գահի առաջ. եւ բաց արուեցին գրքեր. բացուեց նաեւ մի այլ գիրք՝ կեանքի գիրքը։ Եւ մեռելները դատուեցին ըստ գրուածքների՝ իրենց գործերի համաձայն։
13 Ծովը տուեց իր մեռելներին, մահն ու դժոխքն էլ՝ իրենց մեռելներին. եւ իւրաքանչիւրը դատուեց ըստ իր գործերի։
14 Մահը եւ դժոխքը նետուեցին կրակէ լճի մէջ։
15 Եւ նա, որի անունը կեանքի գրքում գրուած չգտնուեց, գցուեց կրակէ լճի մէջ։