ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ. Chapter 13

1 Եւ տեսայ, որ ծովից մի գազան էր ելնում. նա ունէր եօթը գլուխ եւ տասը եղջիւր. նրա եղջիւրների վրայ կար տասը խոյր, իսկ նրա գլուխների վրայ՝ հայհոյալից մի անուն։
2 Եւ այն գազանը, որին տեսայ, նման էր յովազի, իսկ նրա ոտքերը նման էին արջի ոտքերի, եւ նրա բերանը՝ առիւծի բերանի։ Եւ վիշապը նրան տուեց իր զօրութիւնը, իր գահը եւ մեծ իշխանութիւն։
3 Գազանի գլուխներից մէկը մահացու վիրաւորուած էր. բայց նրա մահացու վէրքը առողջանում էր. եւ ամբողջ երկիրը զարմացաւ գազանի վրայ, քանի որ վիշապը տուեց նրան իր թագաւորութիւնը։
4 Եւ երկրպագեցին վիշապին, որ իր իշխանութիւնը տուել էր գազանին. եւ ասացին. Ո՞վ է նման այս գազանին, կամ ո՞վ կը կարողանայ կռուել դրա դէմ։
5 Եւ նրան տրուեց բերան՝ խօսելու մեծ-մեծ բաներ եւ հայհոյութիւն։ Եւ քառասուներկու ամիս նրան իշխանութիւն տրուեց։
6 Եւ նա իր բերանը հայհոյանքով բացեց Աստծու դէմ եւ հայհոյեց նրա անունը, նրա խորանը եւ երկնային բնակավայրը։
7 Եւ նրան իշխանութիւն տրուեց բոլոր ազգերի եւ լեզուների ու ժողովուրդների վրայ,
8 որպէսզի նրան երկրպագեն բոլոր նրանք, որ բնակւում են երկրի երեսին, եւ որոնց անունները աշխարհի սկզբից գրուած չեն մորթուած Գառան կեանքի գրքում։
9 Ովքեր ականջ ունեն լսելու, թող լսեն,
10 քանզի կան ոմանք, որոնք պիտի գերեվարուեն, կան ոմանք, որոնք սրով պիտի մեռնեն, եւ կան ոմանք, որոնք ինքնասպան պիտի լինեն։ Այստե՛ղ է ահա սրբերի համբերութիւնը եւ հաւատը։
11 Եւ տեսայ մի ուրիշ գազան, որ ելնում էր երկրից եւ ունէր երկու եղջիւրներ՝ նման գառան եղջիւրների, եւ խօսում էր՝ ինչպէս վիշապը։
12 Եւ նա առաջին գազանի ամբողջ իշխանութիւնն էր ի գործ դնում նրա առաջ եւ ստիպում էր, որ երկիրն ու նրա բոլոր բնակիչները երկրպագեն առաջին գազանին, մինչեւ որ առողջանայ նրա մահացու վէրքը։
13 Եւ բազում նշաններ էր կատարում ու երկնքից կրակ էր իջեցնում երկրի վրայ մարդկանց աչքերի առաջ.
14 եւ մոլորեցնում էր երկրի վրայ բնակուողներին այն նշաններով, որ թոյլատրուած էին, որ նա կատարէր գազանի առաջ։ Երկրի բնակիչները նրան ասացին. Կերտի՛ր արձանն այն գազանի, որ կենդանի մնաց սրի վէրքերից։
15 Եւ նրան իշխանութիւն տրուեց, որպէսզի շունչ տայ գազանի արձանին, որ արձանը խօսի, եւ երկրի բոլոր բնակիչները երկրպագեն նրան, իսկ ով չերկրպագի գազանի արձանին, նրան սպանի.
16 եւ ստիպի բոլորին՝ փոքրերին եւ մեծամեծներին, հարուստներին եւ աղքատներին, ազատներին ու ծառաներին, որ դրոշմ դնեն նրանց աջ ձեռքի եւ ճակատի վրայ։
17 Եւ ոչ ոք չկարողանայ գնել ու վաճառել, եթէ չունենայ գրի դրոշմը եւ գազանի անունն ու նրա անուան թիւը։
18 Այստե՛ղ է ահա իմաստութիւնը։ Ով խելք ունի, թող հաշուի գազանի թիւը, որ մարդու անուան թիւ է. եւ նրա անուան թիւը այս է՝ վեց հարիւր վաթսունվեց։