ՍԱՂՄՈՍ. Chapter 17
1 Այսուհետեւ՝ Տիրոջ ծառայ Դաւթի՝ քաջամարտիկի մասին, որն օրհնութեան այս խօսքերը Տիրոջն ուղղեց այն օրը, երբ Տէրը փրկեց նրան բոլոր թշնամիների ու Սաւուղի ձեռքից. եւ ասաց.
2 Սիրում եմ քեզ, Տէ՛ր, զօրութի՛ւն իմ. ո՛վ Տէր, պահպանի՛չ իմ, ապաւէ՛ն իմ եւ փրկի՛չ։
3 Աստուած օգնականս է, ես յոյսս դրել եմ նրա վրայ. իմ ապաւէնն է, փրկութեանս եղջիւրը, ինձ ընդունողը։
4 Օրհնելով կը կանչեմ Տիրոջը, եւ իմ թշնամիներից կ՚ազատուեմ։
5 Մահուան տառապանքը շրջապատեց ինձ, եւ անօրէնութեան հեղեղն ինձ վրդովեց։
6 Դժոխքի ցաւերը պաշարեցին ինձ, եւ մահացու վտանգներն ինձ հասան։
7 Նեղութեանս մէջ ես Տիրոջը դիմեցի եւ իմ Աստծուն աղաղակեցի. Նա լսեց ինձ եւ իմ աղօթքի ձայնն իր սուրբ տաճարից, նրան ուղղուած աղաղակս նրա ականջին է հասնելու։
8 Ցնցուեց ու դողաց երկիրը, եւ լեռների հիմքերը սասանուեցին ու խախտուեցին, քանզի բարկացաւ նրանց վրայ Աստուած։
9 Նրա բարկութիւնից ծուխ բարձրացաւ, երեսից հուր բորբոքուեց, եւ կայծակներ ճարճատեցին նրանից։
10 Ցածրացրեց նա երկինքն ու իջաւ, եւ նրա ոտքերի տակ մառախուղ էր։
11 Ելաւ նա քերովբէների վրայ ու թռաւ, սլացաւ հողմի թեւերով։
12 Խաւարն իր համար ծածկոյթ դարձրեց, եւ շուրջբոլորն իր տունը եղաւ՝ օդի ամպերի թանձր ջրերով։
13 Նա փայլատակեց նրանց առջեւ, ամպերը կարկուտ եւ հրեղէն կայծակներ արձակեցին։
14 Որոտաց Տէրն երկնքից, եւ Բարձրեալն իր ձայնը լսել տուեց կարկտով ու հուր կայծակներով։
15 Ուղարկեց իր նետերն ու ցրեց դրանք, շատացրեց իր կայծակները եւ սփռեց դրանք։
16 Քո զայրոյթից, Տէ՛ր, եւ քո բարկութեան հողմի շառաչից երեւացին ջրերի ակունքները, եւ յայտնուեցին հիմքերն աշխարհի։
17 Վերից փութալով՝ Տէրը վերցրեց ինձ, վերցրեց ինձ ջրերի հեղեղից։
18 Տէրը կը փրկի ինձ իմ զօրեղ թշնամիներից ու ինձ ատողներից, որոնք աւելի հզօր են, քան ես։
19 Նրանք ինձ վրայ հասան չարչարանքներիս օրերին, բայց Տէրն ինձ զօրութիւն տուեց
20 ու անդորրութիւն պարգեւեց։ Եւ Տէրը կը փրկի ինձ, քանզի նա ինձ հաւանեց։
21 Տէրն ինձ կը հատուցի ըստ իմ արդարութեան, ըստ իմ անբծութեան կը հատուցի ինձ։
22 Ես կը պահեմ Տիրոջ ճանապարհը եւ իմ Աստծու դէմ ամբարշտութիւն չեմ անի։
23 Նրա բոլոր օրէնքներն իմ առջեւ են, նա արդարութիւնն իր չհեռացրեց ինձնից։
24 Եւ ես անբասիր կը լինեմ նրա հանդէպ, կը զգուշանամ իմ անօրէնութիւնից։
25 Տէրն ինձ կը հատուցի ըստ իմ արդարութեան, ըստ իմ ձեռքերի մաքրութեան, որ նրա աչքի առջեւ է։
26 Սրբի հետ սուրբ կը լինես, Տէ՛ր, անարատ մարդու հետ՝ անարատ։
27 Ընտրեալների հետ ընտրեալ կը լինես եւ խոտորուածներին կը կործանես։
28 Դու փրկում ես հեզ ժողովուրդներին, իսկ ամբարտաւանների աչքերը խոնարհեցնում։
29 Դու լոյս ես տալիս իմ ճրագին, Տէ՛ր. Աստուա՛ծ իմ, լուսաւորի՛ր ինձ խաւարում։
30 Քեզնով կը փրկուեմ ես փորձութիւնից, Աստծուս շնորհիւ պարիսպներ կը յաղթահարեմ։
31 Աստուա՛ծ իմ, անթերի են քո ճանապարհները, ընտիր են խօսքերը Տիրոջ, նա ապաւէնն է բոլոր նրանց, ովքեր յոյսը դրել են նրա վրայ.
32 քանզի Տիրոջից բացի ո՞վ է Աստուած, կամ ո՞վ է Աստուած մեր Աստծուց բացի։
33 Աստուա՛ծ, դու ինձ ուժ պարգեւեցիր եւ իմ ճանապարհն անբիծ դարձրիր։
34 Ինձ ոտքեր տուիր եղջերուի ոտքերի նման, եւ բարձր տեղերի վրայ կանգնեցրիր ինձ։
35 Ձեռքերս վարժեցրիր պատերազմի, իսկ բազուկն իմ դարձրիր ինչպէս հաստ աղեղ։
36 Տուիր ինձ նաեւ քո փրկարար պաշտպանութիւնը։ Աջդ զօրավիգ եղաւ ինձ, իսկ խրատդ միշտ կանգուն պահեց. քո խրատն իմաստուն կը դարձնի ինձ։
37 Ընդարձակեցիր ուղիս իմ ոտքերի տակ, եւ ընթացքն իմ չտկարացաւ։
38 Հալածելով թշնամիներիս՝ ես կը հասնեմ նրանց ու ետ չեմ դառնայ, մինչեւ չոչնչացնեմ նրանց։
39 Ես կ՚ընկճեմ նրանց, որ այլեւս չկարողանան կանգնել, եւ նրանք կ՚ընկնեն իմ ոտքերի տակ։
40 Դու ինձ պատերազմելու զօրութիւն տուիր, դէմս ելնողներին ոտքերիս տակ գցեցիր։
41 Թշնամիներիս դու հալածեցիր, իսկ ինձ ատողներին ոչնչացրիր։
42 Աղաղակեցին նրանք, բայց չկար մէկը, որ փրկէր նրանց, կանչեցին Տիրոջը, բայց նա չլսեց նրանց։
43 Ես կը փշրեմ, հողմափոշի կը դարձնեմ նրանց, փողոցների ցեխի պէս կը տրորեմ նրանց։
44 Տէրն ինձ կը փրկի ժողովրդի ըմբոստութիւնից եւ ինձ հեթանոսների գլուխ կը կարգի։
45 Իմ չճանաչած ժողովուրդն ինձ ծառայեց եւ համակ ականջ դարձած՝ լսեց ինձ։
46 Օտարների որդիներն ինձ ստեցին, օտարների որդիները մաշուեցին՝ խոտորուելով իրենց շաւղից։
47 Կենդանի է Տէրն ու օրհնեալ է Աստուած, եւ թող բարձր լինի Աստուածն իմ փրկութեան։
48 Աստուածն իմ, որ լուծում է վրէժն իմ եւ ժողովուրդներին ինձ է հնազանդեցնում,
49 որ փրկում է ինձ իմ գազազած թշնամիներից. դու բարձր դասեցիր ինձ իմ հակառակորդներից, անիրաւ մարդուց ազատեցիր ինձ։
50 Դրա համար գոհութիւն պիտի մատուցեմ քեզ հեթանոսների մէջ եւ քո անուանը սաղմոս պիտի երգեմ։
51 Դու փրկութեամբ մեծարեցիր թագաւորիդ՝ ողորմելով քո օծեալ Դաւթին ու նրա սերնդին յաւիտեանս յաւիտենից։