ԱՌԱԿՆԵՐ. Chapter 24
1 Որդեա՛կ իմ, մի՛ նախանձիր չար մարդկանց եւ մի՛ ցանկացիր ապրել նրանց հետ,
2 որովհետեւ նրանց սիրտը խաբէութիւն է խորհում, եւ նրանց շուրթերը խօսում են ցաւեր պատճառելու մասին։
3 Տունը շինւում է իմաստութեամբ, հաստատւում է խելացիութեամբ,
4 եւ շտեմարաններն ամէն տեսակ հարստութեամբ ու բարիքներով լցւում են գիտութեամբ։
5 Իմաստունը լաւ է հզօր մարդուց, եւ խոհեմ մարդը՝ մեծամեծ դաստակերտներ ունեցողից։
6 Պատերազմը մղւում է ռազմավարութեամբ, եւ յաջողութիւնը կախուած է սրտի խորհուրդներից։
7 Իմաստութիւնն ու բարի խորհուրդները գտնւում են իմաստունների դռներին։
8 Իմաստունները չեն խոտորւում Տիրոջ խօսքից, այլ խորհուրդ են անում իրենց հաւաքոյթներում։
9 Մահը պատահում է խրատ չլսողներին, իսկ անզգամը մեռնում է մեղքերի մէջ։
10 Պղծութիւնը խայտառակում է ժանտագործին՝ նրա չար եւ նեղ օրերին, քանի նա դեռ չի մեռել։
11 Փրկի՛ր նրանց, ում մահուան են տանում,եւ ոչինչ մի՛ խնայիր մահապարտներին փրկագնելու համար։
12 Բայց եթէ ասես, թէ՝ Ես նրան չեմ ճանաչում, ոչ էլ նա՝ ինձ, - ապա իմացի՛ր, որ Տէրը ճանաչում է բոլորի սրտերը. եւ Նա, որ ստեղծեց բոլորի շունչը, ճանաչում է բոլորին եւ իւրաքանչիւրին հատուցելու է ըստ նրա գործերի։
13 Մե՛ղր կեր, որդեա՛կ, որովհետեւ հաճելի է, եւ խորիսխ, որպէսզի կոկորդդ քաղցրանայ։
14 Այդպէս էլ իմաստութեան գիտութիւնը քաղցր պիտի լինի քո հոգու համար, որովհետեւ եթէ գտնես այն, քո վախճանը լինելու է բարի, եւ չի կտրուելու քո յոյսը։
15 Ամբարշտին մի՛ մօտեցրու արդարների արօտին,եւ մի՛ խաբուիր, որ նրա որովայնը լիքն է։
16 Բայց եթէ արդարը եօթն անգամ էլ ընկնի, պիտի կանգնի, մինչդեռ ամբարիշտները պիտի տկարանան չարիքների մէջ։
17 Եթէ թշնամիդ ցած գլորուի, մի՛ տրորիր նրան, եւ եթէ սայթաքի, ամբարտաւանութեամբ մի՛ վարուիր նրա հետ,
18 քանզի Տէրը կը տեսնի, եւ դա հաճոյ չի լինի նրան, եւ իր բարկութիւնը կը հեռացնի նրանից։
19 Մի՛ ուրախացիր չարագործների հետ եւ մի՛ նախանձիր մեղաւորներին,
20 որովհետեւ չարերը ժառանգորդ չեն ունենայ, եւ ամբարիշտների ճրագը պիտի հանգչի։
21 Որդեա՛կ, վախեցի՛ր Աստծուց ու թագաւորից,եւ նրանցից ոչ մէկի դէմ մի՛ ապստամբիր,
22 որովհետեւ ամբարիշտների կործանումը յանկարծահաս է լինելու, եւ ո՞վ է ճանաչելու թէ՛ մէկի, թէ՛ միւսի պատուհասը։
23 Ձեզ՝ իմաստուններիդ, այս էլ ասեմ. Մի՛ ամաչէք խելամուտ լինել իրաւունքի մէջ, քանզի լաւ չէ աչառու լինել դատաստանի ժամանակ։
24 Ամբարշտին արդար ասողը պիտի արժանանայ ժողովուրդների անէծքին եւ ատելի պիտի լինի ազգերից։
25 Իսկ նրանք, որ կը յանդիմանեն ամբարիշտներին, պիտի բարի համարուեն, եւ բարի օրհնութիւն պիտի գայ նրանց վրայ։
26 Շուրթերը սիրում են բարի խօսքերի պատասխաններ, իսկ ով պատասխան է տալիս դիմադարձ խօսքերով, նա իր վրայ հրաւիրում է հեռացման խօսքեր։
27 Հո՛գ տար դրսի գործերիդ համար, վերջացրո՛ւ դաստակերտիդ աշխատանքը, ապա ե՛կ իմ յետեւից եւ նորի՛ց շինիր քո տունը։
28 Սուտ վկայ մի՛ լինիր քո ընկերոջ հանդէպ, եւ քո շուրթերով մի՛ խաբիր նրան։
29 Մի՛ ասա, թէ՝ Ինչպէս նա վարուեց ինձ հետ, այնպէս էլ ես եմ վարուելու նրա հետ, եւ թէ՝ Այնպէս պիտի հատուցեմ նրան, ինչպէս ինքն ինձ զրկեց։
30 Անզգամ մարդը նման է արտի, թերամիտը՝ այգու.
31 եթէ անխնամ թողնես, խոպան կը դառնայ արտը, ամենուր մոլախոտ կը բուսնի, այն կը մնայ լքուած, գետին կը թափուեն նրա ցանկապատի քարերը,
32 բայց նա յետոյ միայն կ՚ասի. Ես զղջացի, տեսայ եւ ընտրեցի բարի խրատը։ Մինչեւ ե՞րբ պիտի պառկես, ո՛վ ծոյլ, ե՞րբ պիտի զարթնես քնից։
33 Մի քիչ էլ որ ննջես, մի քիչ էլ նիրհես, մի քիչ էլ հանգստանաս, մի քիչ էլ ձեռքերդ դնես կրծքիդ,
34 եթէ այդպէս անես, ապա քեզ վրայ պիտի հասնի աղքատութիւնը ինչպէս ուղեւոր, եւ կարիքը՝ արագընթաց սուրհանդակի նման։
35 Խօսքից զգուշացող որդին կորստեան չի մատնուի,քանի որ նա խնամքով է ընդունում այն։
36 Թագաւորի լեզուից թող ոչ մի սուտ բան դուրս չգայ.թող նրա լեզուից խաբէութիւն էլ դուրս չգայ։
37 Սուր սուսեր է թագաւորի լեզուն եւ ոչ մարմնեղէն մի բան.ով որ մօտենայ դրան, կը խորտակուի։
38 Եթէ նրա բարկութիւնը բորբոքուի,մարդկանց կը կործանի իրենց յօդերով հանդերձ,մարդկանց ոսկորները կը փշրիեւ դրանք կ՚այրի ինչպէս բոց։Մարդկանց մարմինը կը նմանուի արծիւների բոյներում եղած լէշի։
39 Որդեա՛կ, վախեցի՛ր իմ խօսքերից, եւ եթէ դրանք ընդունես, զգոյշ կը լինես։