ԱՌԱԿՆԵՐ. Chapter 30
1 Մարդս Աստծու հաւատացեալներին պիտի ասի այսպէս.Լաւ է լռեմ, որովհետեւ բոլոր մարդկանցից աւելի անմիտ եմ,
2 եւ իմ մէջ մարդկային իմաստութիւն չկայ։
3 Աստուած իմաստութիւն սովորեցրեց ինձ, եւ ես խելամուտ եղայ սրբերի գիտութեանը եւ ճանաչեցի սրբութիւնները.
4 ո՞վ ելաւ երկինք եւ իջաւ, ո՞վ հաւաքեց հողմերը իր գոգի մէջ, ո՞վ ամփոփեց ջրերը իր հանդերձանքի մէջ, ո՞վ հաստատեց երկրի ծագերը։ Ի՞նչ է նրա անունը, կամ՝ ի՞նչ է նրա որդու անունը։
5 Իմացի՛ր, որ Աստծու բոլոր գործերն էլ ընտրեալ են, եւ նա ինքն է իրենից երկիւղ կրողների վերակացուն։
6 Ոչինչ մի՛ աւելացրու նրա խօսքերին, որ քեզ չյանդիմանի, եւ դու ստախօս չերեւաս։
7 Երկու բան եմ խնդրում քեզանից. մինչեւ մեռնելս ինձ չզրկես քո շնորհներից։
8 Զուր եւ սուտ խօսքը հեռո՛ւ վանիր ինձանից։ Հարստութիւն եւ աղքատութիւն մի՛ տուր ինձ, այլ ինձ համար կշռի՛ր արժանին, որ բաւական է։
9 Չլինի թէ հարստանամ եւ ուրանամ քեզ ու ասեմ. Ո՞վ է ինձ տեսնում. կամ աղքատանամ ու բան գողանամ եւ երդում ուտեմ իմ Աստծու անունով։
10 Մի՛ մատնիր ծառային իր տիրոջ ձեռքը, որ երբեք քեզ չանիծի, եւ դու ապականուած չմնաս։
11 Չար ծնունդն անիծում է իր հօրը եւ իր մօրը չի օրհնում։
12 Չար ծնունդն իր աչքին արդար է երեւում, բայց նա չի լուացել իր հոգու կեղտը։
13 Չար ծնունդն ամբարտաւան աչքեր ունի, եւ գոռոզ են նրա թարթիչները։
14 Չար ծննդի ատամները սուսեր են, եւ ժանիքները՝ դանակներ, երկրիս խոնարհներին եւ աղքատ մարդկանց կեղեքելու եւ ուտելու համար։
15 Տզրուկը սրտով սիրած երեք դուստր ունէր, եւ սրանք երեքն էլ չկշտացրին նրան, չորրորդն էլ չկարողացաւ կշտացնել, որպէսզի նա ասէր. Բաւական է։
16 Գերեզմանն ու մահը, կանանց սէրն ու տարտարոսը, հողը, որ չի յագենում ջրով, ջուրը եւ կրակը երբեք չեն ասում. Բաւական է։
17 Այն աչքը, որ արհամարհում է հօրը եւ անարգում է մօր ծերութիւնը, ձորերի ագռաւները պիտի հանեն, եւ արծիւների ձագերը պիտի յօշոտեն այն։
18 Երեք բան կայ, որ ինձ անհնարին է իմանալ, եւ մի չորրորդն էլ, որ չեմ ճանաչում.
19 թռչող արծուի ուղին՝ օդում, օձի ճամփան՝ ապառաժի վրայ, ծովով անցնող նաւի ծիրը եւ երիտասարդ տղամարդու ճանապարհները։
20 Այդպէս է նաեւ շնացող կնոջ ճանապարհը. երբ նա որեւէ վատ բան է անում, լուացւում է եւ ասում. Ես ոչինչ չեմ արել։
21 Երեք բան կայ, որոնցից դողում է երկիրը, եւ մի չորրորդն էլ կայ, որից չի կարողանում հանդարտուել.
22 ծառան, եթէ թագաւոր է դառնում, անմիտը, եթէ կշտանում է հացով,
23 աղախինը, եթէ վռնդում է իր տիրուհուն, եւ ատելի կինը, որ ամուսնանում է բարի մարդու հետ։
24 Չորս բան կայ, որ մանր են երկրի վրայ, բայց իմաստուններից աւելի իմաստուն են.
25 մրջիւնը, որ զօրութիւն չունի, բայց իր կերակուրը պատրաստում է ամռանը,
26 ճագարը, անզօր մի կենդանի, բայց իր բոյնը շինում է քարերի մէջ,
27 մորեխը, որ թագաւոր չունի, բայց կարծես մէկի հրամանով հաւաքւում է զօրաժողովի,
28 եւ ճանկերով պատից կառչող սարդը, որին թէեւ հեշտ է որսալ, բայց բնակւում է թագաւորների յարկերի տակ։
29 Երեք բան կայ, որ շրջում են սիգապանծ, եւ մի չորրորդն էլ, որ ճեմում է գեղեցիկ.
30 առիւծի կորիւնը, որ հզօր է բոլոր կենդանիներից, որ երբեք չի վախենում եւ թիկունք չի դարձնում անասուններին,
31 աքաղաղը, որ սիգալով շրջում է հաւերի մէջ, նոխազը, որ առաջնորդում է հօտը, եւ թագաւորը, որ ժողովրդի առաջ խօսում է հրապարակաւ։
32 Եթէ դու քեզ անհոգութեան մատնես եւ ձեռքդ դժուարութեամբ տանես բերանդ,պիտի արհամարհուես։
33 Կա՛թ կթիր, եւ իւղ կը լինի, բայց եթէ պտուկները շատ ճմլես, արիւն կը գայ։ Այդպէս էլ՝ եթէ խօսքը ձգձգես, դատաստան ու կռիւ դուրս կը գայ։