ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ Ա. Chapter 28
1 Այդ օրերին այլազգիներն իրենց զօրքերը հաւաքելով՝ պատերազմի ելան ընդդէմ Իսրայէլի։ Անքուսն ասաց Դաւթին. Լա՛ւ իմացիր, որ դու եւ քո մարդիկ ինձ հետ պատերազմի էք դուրս գալու։
2 Դաւիթն ասաց Անքուսին. Այդպէս թող լինի։ Հիմա դու կ՚իմանաս, թէ քո ծառան ինչ է անելու։ Անքուսն ասաց Դաւթին. Այդպէս թող լինի, քանզի քեզ ընդմիշտ իմ թիկնապահների պետ եմ դարձնելու։
3 Սամուէլը մահացել էր, նրան ողբացել էր ամբողջ Իսրայէլը ու նրան թաղել իր քաղաք Արիմաթէմում։ Սաւուղը երկրից վերացրել էր ոգեհարցներին ու գուշակներին։
4 Այլազգիները հաւաքուեցին ու եկան բանակատեղի դրեցին Սոմանում։ Սաւուղն էլ հաւաքեց բոլոր իսրայէլացիներին ու բանակատեղի դրեց Գեղբուէում։
5 Երբ Սաւուղը տեսաւ այլազգիների բանակը, վախեցաւ, նրա սիրտը մեծ ահ ընկաւ։
6 Սաւուղը Տիրոջը հարց տուեց, սակայն Տէրը նրան պատասխան չտուեց ո՛չ երազով, ո՛չ գուշակութեամբ, ո՛չ էլ մարգարէների միջոցով։
7 Սաւուղն ասաց իր ծառաներին. Մի ոգեհարց կին գտէ՛ք, որ գնամ նրա մօտ ու հարց տամ նրան։
8 Ծառաներն ասացին նրան. Ահա մի ոգեհարց կին կայ Այենդորում։ Սաւուղը ծպտուեց, ուրիշ զգեստներ հագաւ ու գնաց երկու մարդկանց հետ։ Նրանք գիշերը հասան կնոջ մօտ։ Սաւուղն ասաց նրան. Ոգեհարցին պատշաճ դիւթութիւն արա՛ եւ կանչի՛ր նրան, ում որ քեզ կ՚ասեմ։
9 Կինն ասաց. Դու ինքդ գիտես, թէ ինչ էր արել Սաւուղը. թէ ինչպէս ոգեհարցներին ու գուշակներին վերացրեց երկրից։
10 Արդ, ինչո՞ւ ես ինձ սպանելու համար իմ անձի դէմ որոգայթ լարում։ Սաւուղը նրան Տիրոջ անունով երդուեց՝ ասելով. Կենդանի է Տէրը. այս բանից քեզ ոչ մի վնաս չի հասնի։
11 Կինն ասաց. Ո՞ւմ ոգին կանչեմ։ Նա ասաց. Սամուէլի ոգին կանչի՛ր։
12 Կինը տեսնելով Սամուէլին՝ բարձր ձայնով աղաղակեց ու ասաց Սաւուղին. Ինչո՞ւ ինձ խաբեցիր, չէ՞ որ դու հէնց Սաւուղն ես։
13 Արքան նրան ասաց. Մի՛ վախեցիր, ասա՛, ո՞ւմ տեսար։ Կինն ասաց նրան. Գետնից դուրս եկող աստուածներ եմ տեսնում։
14 Սաւուղն ասաց նրան. Ի՞նչ նկատեցիր։ Նա ասաց. Մի կանգնած մարդ երկրից ելնում էր, եւ նրա վրայ թիկնոց կար։ Սաւուղն իմացաւ, որ դա Սամուէլն է, եւ երեսնիվայր ընկաւ գետին ու երկրպագեց նրան։
15 Սամուէլն ասաց Սաւուղին. Ինչո՞ւ ինձ կանչելով նեղութիւն տուեցիր ինձ։ Սաւուղն ասաց. Սաստիկ նեղ վիճակում եմ, այլազգիներն իմ դէմ պատերազմի են ելել, Աստուած ինձնից հեռացել է, ինձ չի պատասխանում ո՛չ մարգարէների, ո՛չ էլ երազների միջոցով։ Արդ, քեզ կանչեցի, որ ինձ ցոյց տաս, թէ ինչ անեմ։
16 Սամուէլն ասաց. Ինչո՞ւ ես ինձ հարցնում։ Տէրը քեզնից հեռացաւ եւ քո ընկերոջ հետ եղաւ։
17 Տէրը քեզ հետ վարուեց այնպէս, ինչպէս իմ միջոցով յայտնել էր։ Տէրը քո ձեռքից խլելու է թագաւորութիւնդ եւ տալու է քո ընկերոջը՝ Դաւթին,
18 որովհետեւ չլսեցիր Տիրոջ ձայնը եւ նրա սաստիկ բարկութիւնը Ամաղէկի վրայ ի գործ չդրեցիր։
19 Այդ պատճառով էլ Տէրն այսօր քեզ հետ այդպէս է վարւում։ Տէրը Իսրայէլին քեզ հետ միասին մատնելու է այլազգիների ձեռքը, վաղը դու եւ քո որդիները պիտի ընկնէք, եւ Տէրը Իսրայէլի բանակը պիտի մատնի այլազգիների ձեռքը։
20 Սաւուղն անմիջապէս ամբողջ հասակով գետնի վրայ վայր ընկաւ, խիստ զարհուրեց Սամուէլի խօսքերից, ու իր մէջ այլեւս ուժ չմնաց, որովհետեւ մի ամբողջ օր ու գիշեր հաց չէր կերել։
21 Կինը մտաւ Սաւուղի մօտ ու տեսնելով, որ նա մեծ տագնապի մէջ է, ասաց նրան. Ես՝ քո աղախինը, հնազանդուել եմ քեզ, կեանքս վտանգի ենթարկելով անսացել եմ խօսքերիդ։
22 Հիմա էլ դո՛ւ լսիր քո աղախնի խօսքերը։ Քո առջեւ մի պատառ հաց դնեմ ու կե՛ր եւ ուժ կը ստանաս, որ քո ճանապարհը գնաս։
23 Նա չուզեց ուտել, սակայն իր ծառաներն ու կինը ստիպեցին նրան, ու Սաւուղը տեղի տալով՝ գետնից վեր կացաւ ու նստեց աթոռին։
24 Կինը տանը կերակրուած մի հորթ ունէր, անմիջապէս մորթեց դա։ Ալիւր առնելով՝ շաղեց, բաղարջ հաց եփեց եւ տուեց Սաւուղին ու նրա ծառաներին։
25 Նրանք կերան, վեր կացան ու նոյն գիշերը գնացին։