Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ. Chapter 27

1 Իսրայէլացիներից սերուած ազգատոհմերի նահապետների, հազարապետների, հարիւրապետների, արքայի համար հաշուառում կատարող գրագիրների, արքունի ծառայութիւն կատարողների, տարուայ բոլոր ամիսներին ելումուտ անող դասերից ամէն մի դասի թիւը քսանչորս հազար էր։
2 Առաջին ամսուայ առաջին դասի գլխաւորը Բալէէլի որդի Յեզբաալն էր։ Այդ դասի մէջ կար քսանչորս հազար հոգի։
3 Առաջին ամսում զօրքի բոլոր հրամանատարների գլխաւորը Փարէսի որդիներից մէկն էր։
4 Երկրորդ ամսում դասի գլխաւորները՝ զօրքի իշխաններն էին Դուդային, Դաքոթին ու Մագալաւոթը, իսկ դասի մէջ կար քսանչորս հազար հոգի։
5 Երրորդ ամսում երրորդ դասի գլխաւորը քահանայապետ Յովադի որդի Բանեասն էր, որի դասում կար քսանչորս հազար հոգի։
6 Ինքը Բանեասը Երեսնեակի մէջ ամենահզօրն էր, ուստի նա Երեսնեակի գլխաւորն էր։
7 Չորրորդ ամսում դասի գլխաւորը Յովաբի եղբայր Ասայէլն էր, նաեւ նրա որդի Զաբդէասը եւ նրանից յետոյ՝ նրա եղբայրները։ Նրա դասում կար քսանչորս հազար հոգի։
8 Հինգերորդ ամսում հինգերորդի գլխաւորը Իղիայի որդի Սաթիոթն էր, որի դասում կար քսանչորս հազար հոգի։
9 Վեցերորդ ամսում վեցերորդի գլխաւորը թեկուացի Եկդէսի որդի Էկէսն էր, որի դասում կար քսանչորս հազար հոգի։
10 Եօթներորդ ամսում եօթներորդի գլխաւորը Եփրեմի որդիներից փալոմցի Քելն էր, որի դասում կար քսանչորս հազար հոգի։
11 Ութերորդ ամսում ութերորդի գլխաւորը Զարայի ընտանիքից եկիեսթայիցի Ուսաքն էր, որի դասում կար քսանչորս հազար հոգի։
12 Իններորդ ամսում իններորդի գլխաւորը Բենիամինի երկրից անաթոթացի Աբիեզերն էր, որի դասում կար քսանչորս հազար հոգի։
13 Տասներորդ ամսում տասներորդի գլխաւորը Զարայի ընտանիքից նետոպաթցի Մաարին էր, որի դասում կար քսանչորս հազար հոգի։
14 Տասնմէկերորդ ամսում տասնմէկերորդի գլխաւորը Եփրեմի որդիներից փարաթոնցի Բանաիասն էր, որի դասում կար քսանչորս հազար հոգի։
15 Տասներկուերորդ ամսում տասներկուերորդի գլխաւորը Գոթոնիէլի տոհմից նետոպաթցի Քալդային էր, որի դասում կար քսանչորս հազար հոգի։
16 Իսրայէլի ցեղերից Ռուբէնի ցեղի իշխանը Զեքրիի որդի Եղիազարն էր, Շմաւոնինը՝ Մակքայի որդի Սափատիասը,
17 Ղեւիինը՝ Կամուէլի որդի Ասաբիան, Ահարոնինը՝ Սադոկի որդին,
18 Յուդայինը՝ Դաւթի եղբայրներից Եղիաբը, Իսաքարինը՝ Միքայէլի որդի Ամարիասը,
19 Զաբուղոնինը՝ Աբդիայի որդի Սամէասը, Նեփթաղիմինը՝ Օզիէլի որդի Յաբիմութը,
20 Եփրեմինը՝ Օզիայի որդի Օսերը, Մանասէի կէս ցեղինը՝ Փալդիայի որդի Յովէլը,
21 Գաղաադում գտնուող Մանասէի կէս ցեղինը՝ Զաբդիայի որդի Յադային, Բենիամինի որդիներինը՝ Աբենների որդի Ասիէլը,
22 Դանինը՝ Յորամի որդի Եզրիէլը։ Սրանք են Իսրայէլի ցեղերի նահապետները։
23 Դաւիթը հաշուառման չենթարկեց սրանցից քսան տարեկան եւ աւելի բարձր տարիք ունեցողներին, քանզի Տէրն ասել էր, թէ՝ Իսրայէլացիներին պիտի բազմացնեմ երկնքի աստղերի չափ։
24 Շարուհիի որդի Յովաբը սկսեց հաշուառման ենթարկել ժողովրդին, սակայն չաւարտեց, եւ այդ պատճառով Տէրը բարկացաւ Իսրայէլի վրայ, եւ նրանց թիւը չարձանագրուեց Դաւիթ արքայի ժամանակագրութեան մէջ։
25 Արքայի գանձերի վերակացուն Մոդիէլի որդի Ազմոթն էր, իսկ գիւղերի ցանքատարածութիւնների, բնակութեան վայրերի, բերդերի վերակացուն՝ Օզիայի որդի Յովնաթանը։
26 Հողը մշակող երկրագործների վերակացուն Քելուբի որդի Եզրասն էր,
27 ագարակներինը՝ արիմաթացի Սեմէին, գիւղերում գինու շտեմարաններինը՝ Սեփինի որդի Զաբդին,
28 դաշտային ձիթենիներինն ու վայրի թզենիներինը՝ Գեդէոնի որդի Բալդանան, ձէթի շտեմարաններինը՝ Յովասը։
29 Հովիտներում արածող արջառների վերակացուն էր Ադայիայի որդի Սոփատը,
30 ուղտերինը՝ իսմայէլացի Ուբիասը, աւանակներինը՝ մարաթոնացի Յադիասը,
31 հօտերինը՝ հագարացի Յովազը։ Սրանք բոլորը Դաւիթ արքայի ստացուածքների վերակացուներն էին։
32 Դաւթի հօրեղբայր Յովնաթանը, որ մի իմաստուն մարդ էր ու ատենադպիր, դարձել էր խորհրդական։ Աքիմենի որդի Յեիէլը արքայի որդիների դաստիարակն էր։
33 Աքիտոփէլը արքայի խորհրդականն էր,
34 իսկ Քուսին՝ արքայի մտերիմ բարեկամը։ Աքիտոփէլից յետոյ մերձաւոր լինելու տեսակէտից գալիս էին Բանեասի որդի Յովիդայիան եւ Աբիաթարը։ Արքայի զօրքերի հրամանատարն էր Յովաբը։