Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ. Chapter 29
1 Դաւիթ արքան ասաց բոլոր ժողովականներին. Իմ որդի Սողոմոնը, որին Տէրն ընտրեց իր համար, փոքր է, իսկ գործը՝ մեծ, քանզի ոչ թէ մարդու համար է այս շինուածքը, այլ՝ Տէր Աստծու։
2 Ըստ իմ կարողութեան պատրաստեցի իմ Աստծու տան շինանիւթերը՝ ոսկի, արծաթ, պղինձ, երկաթ, փայտ, անկիւնների ու կամարների քարեր, յղկուած ու պատուական քարեր եւ բազում այլ նիւթեր։
3 Եւ իմ Աստծու տան հանդէպ իմ ունեցած սիրուց մղուած, բացի սրբութիւնների տան համար իմ նուիրած ոսկուց ու արծաթից, յաւելեալ տուեցի նաեւ
4 Սոփերից բերուած երեք հազար տաղանդ ոսկի եւ եօթը հազար տաղանդ ընտիր արծաթ, որպէսզի վարպետները դրանցով պատեն տաճարի որմերը։
5 Այսօր կը գտնուի՞ մէկը, որ յօժար լինի նուէր մատուցելու Տիրոջը։
6 Տոհմերի պետերը, իսրայէլացիների իշխանները, հազարապետները, հարիւրապետները, գործերի վերակացուները եւ արքունի գաւառապետները
7 պարտաւորուեցին Տիրոջ տան շինութեան համար տալ հինգ հազար տաղանդ ոսկի, տասը հազար դահեկան, տասը հազար տաղանդ արծաթ, տասնութ հազար տաղանդ պղինձ եւ հարիւր հազար տաղանդ երկաթ։
8 Ով թանկարժէք քար ունէր, տուեց Տիրոջ տան գանձարանին՝ այն յանձնելով Եսրոմի որդի Յերիէլին։
9 Ժողովուրդն ուրախացաւ, որ մարդիկ Տիրոջը նուէրներ են մատուցում սրտանց։
10 Մեծապէս ուրախացաւ Դաւիթ արքան ու ժողովականների առջեւ օրհնեց Տիրոջը՝ ասելով.Յաւիտեանս յաւիտենից օրհնեալ ես, Իսրայէլի մեր հայրերի ո՜վ Տէր Աստուած։
11 Քոնն է, Տէ՜ր, մեծութիւնը, զօրութիւնը, փառքը, յաղթութիւնն ու հզօրութիւնը, քանզի դու ես, որ տիրում ես երկնքում ու երկրի վրայ գտնուող բոլոր էակների վրայ։
12 Բոլոր թագաւորներն ու ազգերը դողում են քո առջեւ, քեզանից է բխում մեծութիւնն ու փառքը, դու ես ամենքի իշխանը, Տէ՛ր, եւ ամէն իշխանութիւնների Տէ՛րը, քո ձեռքում են զօրութիւնն ու ուժը, քո ձեռքում է բոլորին հզօր դարձնելու ամենակալ կարողութիւնը։
13 Արդ, Տէ՜ր, փառաբանում ենք քեզ եւ օրհներգում քո փառաւոր անունը։
14 Ո՞վ եմ ես, եւ ո՞վ է քո ժողովուրդը, որ կարողանայինք յօժարամիտ լինել քեզ համար անելու այս բոլորը։ Չէ՞ որ քոնն է ամէն ինչ, եւ քեզնից ստացածն է, որ տալիս ենք քեզ։
15 Մենք պանդուխտ ենք քո առջեւ եւ օտարական, ինչպէս մեր բոլոր հայրերը։ Մեր օրերը երկրի վրայ ստուերի են նման, եւ մենք մնայուն ոչ մի բան չունենք։
16 Մեր Տէ՜ր Աստուած, այս ամէնը, որ ես պատրաստել եմ քո սուրբ անուան տունը կառուցելու համար, քեզնից է գալիս, եւ ամէն ինչ քոնն է։
17 Գիտեմ, Տէ՜ր, որ դու ես քննում սրտերը եւ սիրում ես արդարութիւնը։ Մենք յօժար սրտով ենք այս ամէնն ընծայում, եւ ես ուրախութեամբ տեսայ, թէ այստեղ գտնուող քո ժողովուրդը կամաւոր կերպով քեզ ընծաներ մատուցեց։
18 Ո՜վ Տէր, Աբրահամի, Իսահակի եւ Իսրայէլի մեր հայրերի Աստուած, յաւիտեան պահի՛ր այս բանը քո ժողովրդի սրտում ու մտքում եւ նրանց սրտերը դէպի քե՛զ ուղղիր։
19 Իմ Սողոմոն որդուն բարի սի՛րտ տուր, որ պահի-պահպանի քո պատուիրանները, քո վկայութիւններն ու քո օրէնքները եւ աւարտին հասցնի քո տան կառուցումը։
20 Դաւիթն ասաց բոլոր ժողովականներին. Օրհնեցէ՛ք ձեր Տէր Աստծուն։ Եւ բոլոր ժողովականները օրհնեցին իրենց հայրերի Տէր Աստծուն եւ ծնկի իջնելով՝ երկրպագեցին Տիրոջն ու արքային։
21 Յաջորդ օրը Դաւիթը հազար զուարակ, հազար խոյ ու հազար գառ ողջակիզեց դրանց համապատասխան ընծաներով եւ առատ զոհեր մատուցեց ամբողջ Իսրայէլի համար։
22 Այն օրը ուրախութեամբ կերան ու խմեցին Տիրոջ առջեւ, երկրորդ անգամ գահ բարձրացրին Դաւթի որդի Սողոմոնին, Տիրոջ առջեւ նրան թագաւոր օծեցին, իսկ Սադոկին՝ քահանայ։
23 Սողոմոնը նստեց իր հօր՝ Դաւթի գահին։ Նա յաջողութիւնների հասաւ, նրան հնազանդուեց ամբողջ Իսրայէլը։
24 Իշխանները, հզօր մարդիկ եւ իր հայր Դաւիթ արքայի բոլոր որդիները հնազանդուեցին նրան։
25 Տէրն ի վերուստ բարձրացրեց Սողոմոնին բոլոր իսրայէլացիների առաջ, նրան այնպիսի թագաւորական փառք տուեց, որի նմանը նրանից առաջ եղած ոչ մի թագաւոր չէր ունեցել։
26 Յեսսէի որդի Դաւիթը Իսրայէլի վրայ թագաւորեց քառասուն տարի.
27 Քեբրոնում՝ եօթը տարի եւ Երուսաղէմում՝ երեսուներեք տարի։
28 Նա վախճանուեց խոր ծերութեան մէջ, առաջացած տարիքում, հարստութեան մէջ ու փառքով։ Նրա Սողոմոն որդին թագաւորեց նրա փոխարէն։
29 Դաւիթ արքայի մնացած՝ առաջին եւ վերջին գործերը, նրա ամբողջ թագաւորութեան ու զօրութեան մասին,
30 ինչ որ կատարուել էր նրա ժամանակ թէ՛ Իսրայէլում եւ թէ՛ երկրի միւս թագաւորութիւններում, նկարագրուած են Սամուէլ տեսանողի գրքում, Նաթան մարգարէի գրքում եւ Գադ տեսանողի գրքում։