ԴԱՏԱՒՈՐՆԵՐ. Chapter 18
1 Այն օրերին Դանի ցեղն իր համար բնակուելու կալուածք էր փնտռում, որովհետեւ մինչեւ այդ օրերը Իսրայէլի ցեղերի մէջ նրան կալուածք չէր հասել։
2 Դանի որդիներն իրենց տոհմերից հինգ մարդ ուղարկեցին, իրենց ցեղերի թուի համեմատ, զօրաւոր մարդիկ Սարաայից եւ Եսթաւուլից, որ գնան լրտեսեն եւ հետախուզեն այդ երկիրը։ Նրանց ասացին. Գնացէ՛ք, զննեցէ՛ք այն երկիրը։ Նրանք գնացին Եփրեմի լեռը, մինչեւ Միքայի տունը եւ գիշերեցին այնտեղ։
3 Եւ մինչդեռ նրանք Միքայի տանն էին, ճանաչեցին ղեւտացի պատանու ձայնը, մտան նրա մօտ եւ ասացին նրան. Ո՞վ բերեց քեզ այստեղ, ի՞նչ ես անում եւ ի՞նչ գործ ունես այստեղ։
4 Նա ասաց նրանց. Միքան ինձ համար այս ու այս արեց, ինձ վարձակալեց, եւ ես նրա համար քահանայ եղայ։
5 Նրան ասացին. Հապա հարցրո՛ւ Աստծուն, որ իմանանք, թէ յաջող կը լինի՞ մեր գնացած ճանապարհը։
6 Քահանան նրանց ասաց. Գնացէ՛ք խաղաղութեամբ, Տիրոջ առաջն է ձեր գնացած ճանապարհը։
7 Այդ հինգ մարդիկ գնացին Լայիսա, տեսան այնտեղ եղած մարդկանց, որոնք սիդոնացիների նման անհոգ ու հանգիստ ապրում էին։ Այդ երկրում իշխանութիւն ունեցող մէկը չկար, որ բան ասէր, որովհետեւ Սիդոնից հեռու էին եւ ասորեստանցիների հետ գործ չունէին։
8 Այդ հինգ մարդիկ եկան Սարաա եւ Եսթաւուլ իրենց եղբայրների մօտ։ Նրանց եղբայրներն իրենց ասացին. Ինչո՞ւ էք նստել։
9 Նրանք ասացին. Վե՛ր կացէք գնանք նրանց վրայ, որովհետեւ մենք մտանք շրջեցինք այն երկրում մինչեւ Լայիսա եւ տեսանք, որ ժողովուրդն այնտեղ բնակւում է անհոգ՝ սիդոնացիների նման. նրանք հեռու են Սիդոնից եւ ոչ մի գործ չունեն ասորեստանցիների հետ։ Վե՛ր կացէք գնանք նրանց վրայ, որովհետեւ տեսանք այն երկիրը, որ շատ լաւն է. իսկ դուք հանգիստ նստե՞լ էք։ Հիմա ինչո՞ւ էք յապաղում գնալու մտնելու եւ ժառանգելու այն երկիրը։
10 Երբ որ գնաք, կը տիրէք մի անհոգ ժողովրդի եւ ընդարձակ երկրի, որովհետեւ Աստուած այն մատնել է մեր ձեռքը։ Դա մի այնպիսի տեղ է, որտեղ երկրի վրայ եղած ոչ մի բանի պակասութիւն չկայ։
11 Եւ այնտեղից՝ Սարաայից եւ Եսթաւուլից գնացին Դանի ազգատոհմից վեց հարիւր մարդիկ՝ զինուած պատերազմական զէնքերով։
12 Գնացին բանակատեղի դրին Յուդայի երկրի Կարիաթարիմ վայրում. այդ պատճառով այն տեղը մինչեւ այսօր կոչւում է Դանի բանակատեղի, որ Կարիաթարիմի ետեւի կողմում է։
13 Այնտեղից անցան, եկան մինչեւ Եփրեմի լեռը եւ հասան մինչեւ Միքայի տունը։
14 Այդ հինգ մարդիկ, որ գնացել էին լրտեսելու Լայիսա երկիրը, պատասխանեցին եւ ասացին իրենց եղբայրներին. Գիտէ՞ք, որ այս տներում եփուդ, թերափ եւ ձուլածոյ կուռք կայ։ Հիմա տեսէ՛ք, թէ ինչ պիտի անէք։
15 Եւ նրանք շրջուեցին այնտեղ ու մտան ղեւտացի պատանու տունը՝ Միքայի տունը եւ նրա ողջութիւնը հարցրին։
16 Իսկ Դանի որդիներից պատերազմական զէնքով զինուած այն վեց հարիւր մարդիկ անշարժ կանգնեցին դռան մուտքի մօտ։
17 Իսկ այն հինգ մարդիկ, որոնք գնացել էին երկիրը լրտեսելու, յարձակուեցին, վերցրին կուռքը, եփուդը, թերափը եւ ձուլածոն։ Քահանան եւ պատերազմական զէնքերով զինուած այն վեց հարիւր մարդիկ անշարժ կանգնել էին դռան մուտքի մօտ։
18 Երբ նրանք Միքայի տունը մտան եւ վերցրին կուռքը, եփուդը, թերափը եւ ձուլածոն, քահանան նրանց ասաց. Ի՞նչ էք անում։
19 Նրանք ասացին նրան. Լռի՛ր, ձեռքդ բերանիդ վրայ դի՛ր, ե՛կ մեզ հետ եւ մեզ համար հայր ու քահանայ եղիր. մի՞թէ քեզ համար աւելի լաւ է միայն մէկ մարդու տան քահանայ լինել, քան Իսրայէլի մէկ ցեղի եւ ազգատոհմի քահանայ։
20 Քահանայի սիրտը զուարթացաւ, նա վերցրեց եփուդը, թերափը, քանդակած ու ձուլածոյ կուռքերը եւ մտաւ զօրքի մէջ։
21 Նրանք ետ դարձան գնացին եւ նրանց առաջ աւերեցին նրա ամբողջ տունն ու շքեղ ունեցուածքը։
22 Երբ նրանք հեռացան Միքայի տնից, Միքան եւ նրա տանը եղած մարդիկ բողոք բարձրացրին եւ հասան Դանի որդիների յետեւից։
23 Դանի որդիները շուռ եկան եւ ասացին Միքային. Ի՞նչ է եղել քեզ, ինչո՞ւ ես աղաղակում։
24 Միքան ասաց. Ինձ համար իմ շինած աստուածները եւ իմ քահանային առաք ու գնացիք, էլ ի՞նչ մնաց ինձ, եւ ինչո՞ւ էք ասում ինձ, թէ՝ Ինչու ես աղաղակում։
25 Դանի որդիներն ասացին նրան. Քո ձայնը թող չլսուի մեր ետեւից, թէ չէ քեզ կը հանդիպեն բարկացած սրտով մարդիկ եւ կը կործանեն քեզ ու քո ընտանիքը։
26 Եւ Դանի որդիները գնացին իրենց ճանապարհով։ Միքան տեսնելով, որ նրանք իրենից զօրաւոր են, վերադարձաւ իր տունը։
27 Իսկ նրանք վերցրին Միքայի շինածները, նրա քահանային եւ գնացին Լայիսա՝ հանգիստ եւ վստահ ու անհոգ ժողովրդի վրայ, նրանց սրի քաշեցին եւ քաղաքն այրեցին։
28 Ոչ ոք չկար, որ փրկէր նրանց, որովհետեւ Սիդոնից հեռու էին եւ ոչ մի գործ չունէին որեւէ մարդու հետ։ Այդ քաղաքը Ռոբի հովտի մէջ էր։ Քաղաքը շինեցին եւ այնտեղ բնակուեցին.
29 եւ քաղաքի անունը իսրայէլական ծագում ունեցող իրենց հօր անունով Դան կոչեցին. իսկ նախապէս քաղաքի անունը Լայիսա էր։
30 Դանի որդիներն իրենց համար կանգնեցրին Միքայի քանդակած կուռքը, իսկ Մանասէի որդի Գերսոնի որդի Յովնաթանը՝ ինքը եւ իր որդիները մինչեւ երկրի գերութեան օրը Դանի ցեղի քուրմերն էին։
31 Նրանք Միքայի շինած կուռքն իրենց համար պահեցին այնքան ժամանակ, որքան որ Աստծու տունը Սելովի մէջ էր։