ՅԵՍՈՒ. Chapter 10

1 Երբ Երուսաղէմի թագաւոր Ադոնիբեզեկը լսեց, որ Յեսուն գրաւել է Գային ու կործանել այն, եւ ինչպէս Երիքովի ու նրա թագաւորի հետ էր վարուել, այդպէս էլ վարուել է Գայիի ու նրա թագաւորի հետ, եւ թէ Գաբաւոնի բնակիչներն անձնատուր են եղել Յեսուին ու իսրայէլացիներին եւ նրանց մէջ մնացել,
2 խիստ զարհուրեցին ինքն ու իր ժողովուրդը, որովհետեւ գիտէին, որ Գաբաւոնը մեծ քաղաք է, ինչպէս որեւէ թագաւորանիստ մայրաքաղաք։ Դա Գայիից մեծ էր, եւ նրա բոլոր մարդիկ զօրաւոր էին։
3 Երուսաղէմի թագաւոր Ադոնիբեզեկը մարդ ուղարկեց Քեբրոնի թագաւոր Ելամի, Յերիմութի թագաւոր Քերամի, Լաքիսի թագաւոր Յեփիէի եւ Օդողոմի թագաւոր Դաբիրի մօտ ու ասաց.
4 Բարձրացէք եկէ՛ք ինձ մօտ եւ օգնեցէ՛ք ինձ, որ պատերազմենք Գաբաւոնի դէմ, որովհետեւ անձնատուր են եղել Յեսուին եւ իսրայէլացիներին։
5 Եւ յեբուսացիների հինգ թագաւորները՝ Երուսաղէմի թագաւորը, Քեբրոնի թագաւորը, Յերիմութի թագաւորը, Լաքիսի թագաւորը եւ Օդողոմի թագաւորն իրենց ամբողջ ժողովրդով հաւաքուեցին եկան, բանակ դրին Գաբաւոնի շուրջը եւ պաշարեցին այն։
6 Գաբաւոնի բնակիչները մարդ ուղարկեցին Յեսուի մօտ Իսրայէլի բանակատեղի, Գաղգաղա եւ ասացին. Մի՛ լքիր քո ծառաներին, շուտ մեզ մօտ ե՛կ, մեզ ազատի՛ր եւ մեզ օգնի՛ր, որովհետեւ ամորհացիների բոլոր թագաւորները, որ բնակւում են լեռնակողմում, կուտակուել են մեր դէմ։
7 Յեսուն իր ամբողջ պատերազմող զօրքի ու բոլոր նրանց հետ, ովքեր զօրաւոր էին, ելաւ Գաղգաղայից։
8 Տէրը Յեսուին ասաց. Չվախենաս նրանցից, որովհետեւ նրանց քո ձեռքն եմ մատնելու, եւ նրանցից ոչ մէկը չի դիմանայ ձեր առաջ։
9 Ամբողջ գիշերը Գաղգաղայից գալով՝ Յեսուն յանկարծակի յարձակուեց նրանց վրայ։
10 Տէրը իսրայէլացիների ահը գցեց նրանց մէջ եւ Գաբաւոնում մեծ ջարդ տուեց նրանց. նրանց հալածեցին Բեթորոնի զառիվայրի ճանապարհին եւ կոտորեցին նրանց մինչեւ Ազեկա եւ Մակեդա։
11 Երբ նրանք Բեթորոնի զառիվայրով փախչում էին իսրայէլացիների առաջից, Տէրը նրանց վրայ երկնքից կարկտի քարեր թափեց մինչեւ Ազեկա։ Կարկտի քարերից մեռածներն աւելի շատ էին, քան նրանք, որոնց իսրայէլացիները պատերազմում սրով կոտորեցին։
12 Այն օրը, երբ Տէր Աստուածը ամորհացիներին մատնեց իսրայէլացիների ձեռքը, երբ նրանց կոտորեց Գաբաւոնում, եւ նրանք ջախջախուեցին Իսրայէլի առաջ, Յեսուն խօսեց Տիրոջ հետ եւ ասաց. Թող արեգակը կանգնի Գաբաւոնի դիմաց, իսկ լուսինը՝ Ելոնի ձորի դիմաց։
13 Եւ արեգակն ու լուսինը կանգնեցին իրենց տեղում, մինչեւ որ Աստուած նրանց թշնամիներից վրէժն առաւ։ Չէ՞ որ այս գրուած է Ուղիղի գրքում։ Եւ արեգակը կանգնեց երկնքի մէջտեղում եւ չշարժուեց դէպի արեւմուտք մէկ ամբողջ օր։
14 Այսպիսի օր չէր եղել ո՛չ առաջ, ո՛չ յետոյ, որ Աստուած լսէր մարդու ձայնը, որովհետեւ Տէրն Իսրայէլի հետ միասին պատերազմեց։
15 Ապա Յեսուն եւ նրա հետ բոլոր իսրայէլացիները ետ դարձան բանակատեղի՝ Գաղգաղա։
16 Այն հինգ թագաւորները փախան Մակեդա եւ թաքնուեցին քարայրի մէջ։
17 Իմաց տուին Յեսուին եւ ասացին. Հինգ թագաւորները գտնուեցին Մակեդայում, քարայրի մէջ թաքնուած։
18 Յեսուն ասաց. Քարայրի մուտքին մեծամեծ քարեր գլորեցէ՛ք եւ նրանց վրայ մարդիկ կարգեցէ՛ք, որ հսկեն նրանց։
19 Բայց դուք մի՛ դադարէք ձեր թշնամիներին հետապնդելուց, հասէ՛ք նրանց վերջնապահներին եւ մի՛ թոյլ տուէք, որ մտնեն իրենց քաղաքները, որովհետեւ Տէր Աստուածը նրանց մատնեց մեր ձեռքը։
20 Երբ Յեսուն եւ բոլոր իսրայէլացիները դադարեցին մեծ կոտորածով նրանց իսպառ բնաջնջելուց, եւ նրանցից ազատուածները մտան ամրացուած քաղաքները,
21 ամբողջ ժողովուրդը ողջ առողջ վերադարձաւ բանակատեղի՝ Յեսուի մօտ, Մակեդա։ Եւ ոչ ոք չյանդգնեց խօսել իսրայէլացիների դէմ։
22 Եւ Յեսուն ասաց. Բացէ՛ք քարայրը եւ այնտեղից հանէ՛ք, բերէ՛ք ինձ մօտ այն հինգ թագաւորներին։
23 Այդպէս էլ արեցին. հինգ թագաւորներին՝ Երուսաղէմի թագաւորին, Քեբրոնի թագաւորին, Յերիմութի թագաւորին, Լաքիսի թագաւորին եւ Օդողոմի թագաւորին քարայրից հանեցին ու տարան նրա մօտ։
24 Երբ նրանց տարան Յեսուի մօտ, Յեսուն կանչեց բոլոր իսրայէլացիներին, իր հետ գնացած առաջամարտիկներին եւ ասաց նրանց. Մօտեցէ՛ք եւ ձեր ոտքերը դրէ՛ք նրանց պարանոցների վրայ։ Նրանք մօտեցան եւ իրենց ոտքերը դրեցին նրանց պարանոցների վրայ։
25 Յեսուն ասաց նրանց. Մի՛ վախեցէք նրանցից եւ մի՛ զարհուրէք, արիացէ՛ք եւ զօրացէ՛ք, որովհետեւ Տէրն այսպէս պիտի անի ձեր բոլոր թշնամիներին, որոնց հետ դուք պիտի մարտնչէք։
26 Ապա Յեսուն նրանց սպանեց եւ նրանց հինգին էլ կախեց ծառերից, եւ նրանք կախուած մնացին ծառերից մինչեւ երեկոյ։
27 Արեւամուտին Յեսուն հրամայեց, եւ նրանց իջեցրին ծառերից, գցեցին այն քարայրի մէջ, որտեղ թաքնուել էին. եւ քարայրի մուտքին գլորեցին մեծամեծ քարեր, որոնք կան մինչեւ այսօր։
28 Այդ օրը գրաւեցին նաեւ Մակեդան, սրի քաշեցին այն ու նրա թագաւորին, բնաջնջեցին այն եւ նրա մէջ եղած բոլոր մարդկանց, ոչ մի ազատուած կամ փախստական չմնաց նրանցից։ Յեսուն Մակեդայի թագաւորի հետ էլ վարուեց այնպէս, ինչպէս վարուել էր Երիքովի թագաւորի հետ։
29 Յեսուն, նրա հետ նաեւ բոլոր իսրայէլացիները, Մակեդայից գնացին Լեբնա եւ պաշարեցին Լեբնան։
30 Տէրը մատնեց այն իսրայէլացիների ձեռքը, եւ Յեսուն նուաճեց այն ու նրա թագաւորին, սրի քաշեց այն ու նրա մէջ եղած բոլոր մարդկանց, նրա մէջ ոչ մի ազատուած եւ փախստական չմնաց։ Նրա թագաւորի հետ վարուեց այնպէս, ինչպէս վարուել էր Երիքովի թագաւորի հետ։
31 Յեսուն բոլոր իսրայէլացիների հետ Լեբնայից գնաց Լաքիս, բանակատեղի դրեց նրա շուրջը եւ պաշարեց այն։
32 Տէրը Լաքիսն Իսրայէլի ձեռքը մատնեց, եւ երկրորդ օրը Յեսուն գրաւեց այն, սրի քաշեց եւ բնաջնջեց այն, ինչպէս որ Լեբնայի հետ էր վարուել։
33 Այն ժամանակ Գազերի Ելամ թագաւորը ելաւ օգնելու Լաքիսին, բայց Յեսուն սրի քաշեց նրան ու նրա զօրքերին այնպէս, որ նրանցից ոչ մի ազատուած եւ փախստական չմնաց։
34 Յեսուն բոլոր իսրայէլացիների հետ Լաքիսից մեկնեց Օդողոմ, բանակատեղի դրեց նրա շուրջը եւ պաշարեց այն։ Տէրը մատնեց Օդողոմն Իսրայէլի ձեռքը,
35 եւ Յեսուն այն օրը գրաւեց ու սրի քաշեց այն։ Նրա մէջ եղած բոլոր մարդկանց այն օրը կոտորեցին, ինչպէս որ վարուել էին Լաքիսի հետ։
36 Յեսուն բոլոր իսրայէլացիների հետ Օդողոմից գնաց Քեբրոն ու բանակ դրեց նրա շուրջը։
37 Գրաւեցին ու սրակոտոր արեցին այն, նրա թագաւորին եւ նրա մէջ եղած բոլոր մարդկանց. նրա մէջ ապրող ոչ մէկը չազատուեց։ Նրա հետ վարուեցին այնպէս, ինչպէս վարուել էին Օդողոմի հետ. բոլոր բնակիչներին սպանեցին ու նրա մէջ եղած ամէն ինչ ոչնչացրին։
38 Ապա Յեսուն եւ ամբողջ Իսրայէլը շրջուեցին դէպի Դաբիր եւ շրջապատելով՝
39 գրաւեցին այն, գերեվարեցին նրա թագաւորին եւ նրա ամբողջ զօրքը, սրակոտոր արեցին ամբողջ քաղաքը, բնաջնջեցին այն եւ նրա մէջ եղած բոլոր մարդկանց. ոչ մէկին ողջ չթողեցին։ Ինչպէս վարուել էին Քեբրոնի հետ եւ ինչպէս վարուել էին Լեբնայի ու նրա թագաւորի հետ, այդպէս էլ վարուեցին Դաբիրի եւ նրա թագաւորի հետ։
40 Յեսուն հարուածեց ամբողջ լեռնային երկրին, Նագեբին եւ դաշտային երկրներին, Ասեդոթին եւ նրա բոլոր թագաւորներին։ Նրանցից ոչ մէկին ողջ չթողեց, բոլոր բնակիչներին սպանեց, ինչպէս Իսրայէլի Տէր Աստուածն էր պատուիրել։
41 Յեսուն կոտորեց նրանց Կադէսբառնեայից մինչեւ Գազա, Գոսոմի ամբողջ երկիրը մինչեւ Գաբաւոն։
42 Նրանց բոլոր թագաւորներին եւ նրանց երկիրը Յեսուն նուաճեց միաժամանակ, քանի որ Իսրայէլի Տէր Աստուածը կռւում էր իսրայէլացիների հետ միասին։
43 Եւ Յեսուն բոլոր իսրայէլացիների հետ ետ դարձաւ բանակատեղի՝ Գաղգաղա։