ՅՈՎՆԱՆ. Chapter 4

1 Յովնանը մեծապէս տխրեց եւ ջղայնացաւ։
2 Աղօթեց Տէր Աստծուն եւ ասաց. Ո՛վ Տէր, ես այդ նոյն բանը չասացի՞, երբ տակաւին իմ երկրում էի։ Այդ պատճառով էլ շտապեցի փախչել Թարսիս, քանի որ գիտէի, որ դու գթասիրտ ես ու ողորմած, համբերող ես ու բազումողորմ եւ զղջում ես չարիքների համար։
3 Արդ, Տէ՛ր, Տէ՛ր, ա՛ռ իմ հոգին ինձնից, որովհետեւ ինձ համար աւելի լաւ է մեռնել, քան կենդանի լինել։
4 Եւ Տէրն ասաց Յովնանին. Իսկապէս շա՞տ ես տխրել։
5 Յովնանը դուրս ելաւ այդ քաղաքից, նստեց քաղաքի դիմաց, իր համար ամպհովանի պատրաստեց եւ նստեց դրա տակ, մինչեւ որ տեսնի, թէ ինչ պիտի պատահի քաղաքին։
6 Եւ Աստուած հրամայեց դդմենուն, որը բարձրացաւ Յովնանի գլխի վրայ՝ նրան հովանի դառնալու, զովացնելու նրան եւ ազատելու իր տանջանքներից։ Յովնանը չափից շատ ուրախացաւ դդմենու համար։
7 Եւ յաջորդ օրը վաղ առաւօտեան Աստուած հրամայեց որդին, որը կերաւ դդմենին, եւ այն չորացաւ։
8 Իսկ երբ արեւը ծագեց, Աստուած հրամայեց տապախառն խորշակ քամուն, եւ արեւն ընկաւ Յովնանի գլխին։ Սա տանջւում, սրտնեղում էր եւ ասում. Ինձ համար աւելի լաւ է մահը, քան իմ այս կեանքը։
9 Եւ Աստուած ասաց Յովնանին. Իսկապէ՞ս խիստ ես տխրել դդմենու համար։ Յովնանն ասաց. Մահու չափ տխրել եմ։
10 Տէրն ասաց. Դու ափսոսացիր դդմենուն, որի համար ոչ մի ջանք չթափեցիր, չսնեցիր այն. նա գիշերը բուսնեց եւ միւս գիշեր կորաւ։
11 Իսկ ես չխնայե՞մ Նինուէ մեծ քաղաքին, որտեղ ապրում են աւելի քան հարիւր քսան հազար մարդ, որոնք իրենց լաւն ու վատը չիմացան, ինչպէս նաեւ շատ կենդանիներ։