ԵՐԵՄԻԱ. Chapter 46

1 Եգիպտոսի մասին
2 Ահա Երեմիա մարգարէին ուղղուած Տիրոջ խօսքը եգիպտական բոլոր ազգատոհմերի
3 եւ եգիպտացիների արքայ Նեքաւով փարաւոնի զօրաբանակի մասին, որը գտնւում էր Եփրատ գետի մօտ, Քարքամիսում, եւ որին Հրէաստանի Յոսիա արքայի որդի Յովակիմի չորրորդ տարում ջախջախեց բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան։
4 Զէնք ու վահա՛ն վերցրէք, մտէ՛ք մարտի մէջ,
5 պատրաստեցէ՛ք երիվարները, ձի՛ հեծէք, ո՛վ սպառազինուածներ, դրէ՛ք սաղաւարտները, առա՛ջ ուղղեցէք գեղարդները, հագէ՛ք ձեր զրահները։
6 Բայց այդ ի՞նչ է կատարւում. դրանք, ահաւասիկ, զարհուրածներն են, որ դէպի յետ են շարժւում, որովհետեւ նրանց զօրաւոր մարդիկ ջախջախուեցին, եւ իրենք փախուստի են դիմել, իսկ դրանցից նրանք, որ շրջապատման մէջ ընկան, չպիտի վերադառնան, - ասում է Տէրը։ -
7 Ո՛չ արագաշարժը պիտի փախչի, ո՛չ էլ հզօրը փրկուի. հիւսիսի կողմերում, Եփրատ գետի մօտ, նրանք ուժասպառ եղան ու կործանուեցին։
8 Ո՞վ է սա, որ բարձրացել է գետի պէս, եւ ջրեր կուտակած գետերի պէս յորձանք է տալիս։
9 Եգիպտոսի ջրերը գետի պէս յորդել են, գետի պէս ալեկոծուած են նրա ջրերը։ Դա Եգիպտոսն է, որ ասում է.Ես կ՚ելնեմ ու կը ծածկեմ երկիրը, կը կործանեմ քաղաքներն ու նրանց բնակիչներին։
10 Երիվարնե՛ր հեծէք, կառքե՛ր լծեցէք, ելէ՛ք, ո՛վ եթովպացի մարտիկներ եւ զինավառ լիբիացիներ, վե՛ր կացէք, աղեղներդ լարեցէ՛ք, ո՛վ լիդացիներ։
11 Այս օրը, ահա, մեր Տէր Աստծու վրէժխնդրութեան օրն է՝ իր թշնամիներից վրէժ առնելու համար։ Սուրը պիտի ուտի եւ յագենայ, պիտի հարբի նրանց արիւնից, որովհետեւ Զօրութիւնների Տիրոջ զոհը հիւսիսի երկրից պիտի լինի, Եփրատ գետի ափին։
12 Գնա՛ Գաղաադ եւ դեղ ու բալասա՛ն առ եգիպտացիների կոյս դստեր համար. իզուր ես շատացնում դեղորայքը. ոչ մի տեղից քեզ օգուտ չկայ։
13 Ազգերը լսեցին քո գոյժը, եւ երկիրը լցուեց քո աղաղակով. պատերազմողը պատերազմողի հետ բախուեց ու թուլացաւ, եւ երկուսն էլ միասին ընկան։
14 Ահա այն խօսքը, որ Տէրը յայտնեց Երեմիա մարգարէի միջոցով, երբ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան եկաւ հարուած հասցնելու Եգիպտացիների երկրին.
15 Գուժեցէ՛ք Եգիպտոսում, ձա՛յն արձակեցէք Մագդողում, իմա՛ց տուէ՛ք Մեմփիսին, ազդարարէ՛ք Տափնասին, թէ՝ Արի պատրա՛ստ եղիր, որովհետեւ սուրը կերաւ քո ճիւղերը,
16 քո ընտիր ցուլը փախուստ տուեց, չմնաց, քանի որ Տէրը լքեց նրան։
17 Եւ բազմութիւնը տկարացաւ. ամէն մէկն իր ընկերոջ մօտ ընկաւ։ Ապա ասացին. Եկէ՛ք հեթանոսի սրից իւրաքանչիւրս դառնանք դէպի մեր ժողովուրդը,գնանք ամէն մէկս՝ իր երկիրը։
18 Եգիպտացիների Փարաւոն արքայի անունը կոչեցէ՛ք Սաոն, Եբիր եւ Մովեդ։
19 Կենդանի եմ ես, - ասում է Տէրը, - Զօրութիւնների թագաւոր է նրա անունը։ Ինչպէս գահաւանդակն է լեռների մէջ, կամ ինչպէս Կարմելոսը՝ ծովում, նա պէտք է գայ։
20 Գերութեան պատրաստութի՛ւն տես, ո՛վ դուստր, բնակի՛չդ Եգիպտոսի, քանզի Մեմփիսն աւերակ պիտի դառնայ, եւ վայ պիտի տան նրան՝ այնտեղ բնակիչներ չլինելու պատճառով։
21 Եգիպտոսը զարդարուած ու գեղեցիկ երինջ է. նրա կործանումը հիւսիսից պիտի գայ։
22 Նրա վարձկանները նրա մէջ նման են պարարտ եզների, ու նրանք էլ առհասարակ փախուստի պիտի դիմեն եւ չպիտի հանդարտուեն, որովհետեւ նրանց վրայ եկաւ կործանման օրը, եւ հասաւ վրէժխնդրութեան ժամանակը։
23 Նրանց ձայնը լինելու է ինչպէս օձի շչիւնը, քանի որ նրանք աւազի միջով են գնալու։ Տապարակիրները նրա վրայ են գալու որպէս անտառահատներ։
24 Կտրեցէ՛ք նրա ծառերը, - ասում է Տէր Աստուած, - քանզի նրանց հաշիւը ոչ ոք չի կարող անել. նրանք մորեխից աւելի են բազմացել, նրանց թիւ չկայ։
25 Ամօթով մնաց Եգիպտոսի դուստրը, նա պիտի մատնուի հիւսիսի զօրքերի ձեռքը։
26 Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածն ասում է. Ահա ես վրէժխնդիր եմ լինելու նրա որդի Ամոնից, Փարաւոնից ու եգիպտացիներից, նրանց աստուածներից ու նրա թագաւորներից, Փարաւոնից ու նրան ապաւինողներից.
27 նրանց մատնելու եմ նրանց հոգիները պահանջողների ձեռքը, բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի ձեռքը ու նրա պաշտօնեաների ձեռքը, եւ այնուհետեւ նրանք կ՚ապրեն ինչպէս առաջ, - ասում է Տէրը։
28 Բայց դու մի՛ վախեցիր, ո՛վ իմ ծառայ Յակոբ, դու չպէտք է զարհուրես, ո՛վ Իսրայէլ, քանզի ես ահա փրկելու եմ քեզ հեռաստանից, իսկ քո սերունդը՝ նրանց գերութիւնից։ Պիտի վերադառնայ Յակոբը, դադար պիտի առնի ու հանգիստ լինի, եւ չի լինելու որեւէ մէկը, որ լլկի նրան։
29 Իսկ դու մի՛ վախեցիր, ո՛վ իմ ծառայ Յակոբ, - ասում է Տէրը, - որովհետեւ ես քեզ հետ եմ. եթէ ես բնաջնջեմ այն բոլոր ազգերին, որոնց մէջ ցրեցի քեզ, քե՛զ, սակայն, չեմ բնաջնջելու։ Քեզ արդարութեամբ պիտի խրատեմ, թէեւ լրիւ չպիտի արդարացնեմ։