ԵՐԵՄԻԱ. Chapter 47

1 Այլազգիների մասին
2 Տիրոջ խօսքը այլազգիների մասին՝ ուղղուած Երեմիա մարգարէին, երբ Փարաւոնը դեռ չէր աւերել Գազան։
3 Այսպէս է ասում Տէրը. Ահաւասիկ ջրեր են բարձրանում հիւսիսից, որոնք յորդահոս հեղեղների վերածուելով՝ պիտի ողողեն երկիրն ամբողջութեամբ, քաղաքն իր բնակիչներով։ Լաց ու կոծ պիտի անեն մարդիկ, եւ երկրի բոլոր բնակիչները աղաղակ պիտի բարձրացնեն
4 ասպատակող հեծելազօրի զէնքերի ու ոտքերի ձայնից, նրա կառքերի շաչիւնից եւ դրանց անիւների շառաչից։ Հայրերը չպիտի համարձակուեն շրջուել դէպի իրենց որդիները, որովհետեւ նրանց ձեռքերը պիտի թուլանան
5 այն օրը, որը վրայ է հասնելու բոլոր այլազգիներին կորստեան մատնելու համար։ Կորստեան պիտի մատնեմ նաեւ Ծուրն ու Ծայդանը եւ նրանց միւս բոլոր օգնականներին։ Տէրը ոչնչացնելու է կղզիներում եւ Գամիրքում մնացած այլազգիներին։
6 Գազայում այնպիսի սուգ պիտի լինի, որ մարդիկ խուզեն իրենց գլուխները,Ասկաղոնը պիտի ոչնչանայ, ինչպէս եւ Ենակիմի մնացորդները։
7 Ո՛վ դու Տիրոջ սուր, մինչեւ ե՞րբ պիտի կոտորես, մինչեւ ե՞րբ դադար պիտի չառնես, վերադարձի՛ր քո պատեանը, հանգի՛ստ առ, յե՛տ կանգնիր։
8 Ինչպէ՞ս դադար առնի նա. չէ՞ որ Տէրը հրամայեց նրան յարձակուել Ասկաղոնի եւ նրանց վրայ,ովքեր մնացել էին ծովեզերքին։