ԵՍԱՅԻ. Chapter 22
1 Պատգամ Սիոնի հովտի մասինԻ՞նչ եղար, ի՞նչ պատահեց քեզ, այժմ ինչո՞ւ դուք բոլորդ իզուր տանիք բարձրացաք։
2 Ձեր քաղաքը լցուեց գուժկաններով։ Ո՛վ պերճացեալ քաղաք, քո վիրաւորները սուսերով վիրաւորուածներ չեն, եւ քո դիակներն էլ պատերազմում ընկած դիակներ չեն։
3 Բոլոր իշխաններդ փախստական են դարձել, գերեալներդ խստօրէն կալանաւորուած են, քո հզօրները, որոնք հեռու էին փախել, անխտիր կապանքների մէջ են։
4 Դրա համար էլ ասացի. Թո՛յլ տուէք ինձ՝ դառնօրէն լաց լինեմ, մի՛ աշխատէք ինձ մխիթարելիմ ժողովրդի դստեր կործանման առիթով։
5 Արդարեւ, Սիոնի հովտում Զօրութիւնների Տիրոջ կողմից խռովութեան, ոտնատակ տալու եւ շփոթութեան օր է. մեծ ու փոքր առհասարակ մոլորուած՝ տարուբերւում են լեռների վրայ։
6 Իսկ էլամացիները, կապարճներ առած,ձի հեծած եւ յարձակուող գնդերով պիտի գան,
7 եւ քո ընտիր-ընտիր հովիտները պիտի լցուեն կառքերով, հեծեալները երիվարներով պիտի խցանեն քո դռները։
8 Նրանք պիտի կործանեն Յուդայի երկրի դարպասները եւ այն ժամանակ պիտի տեսնեն քաղաքի ընտիր-ընտիր ապարանքները,
9 ի յայտ պիտի բերեն Դաւթի բարձր ապարանքի գաղտնի անցքերը։ Եւ պիտի տեսնեն, որ դրանք շատ են։ Հին ջրմուղը պիտի շուռ տան դէպի քաղաք,
10 պիտի քանդեն Երուսաղէմի ապարանքները՝ քաղաքի պարիսպներն ամրացնելու նպատակով։
11 Իսկ դուք երկու պարիսպների մէջտեղը, հին ջրմուղից աւելի ներս, պիտի ջուր հանէք ձեզ համար,առանց ձեր հայեացքն ուղղելու նրան, որ առաջուց շինել էր այն, առանց նրա հիմնադրողին հեռուից-հեռու ճանաչելու։
12 Այն օրը Զօրութիւնների Տէրը կանչեց լաց ու կոծ անելու, ողբալու, մազերը պոկոտելու եւ քուրձ հագնելու։
13 Իսկ նրանք ուրախութիւն ու ցնծութիւն արեցին. արջառներ էին սպանում,ոչխարներ էին մորթում, որպէսզի միս ուտեն, գինի խմեն եւ ասեն. Ուտենք ու խմենք, որովհետեւ վաղը մեռնելու ենք։
14 Բայց դա հասնելու է Զօրութիւնների Տիրոջ ականջին։ Եւ ձեր այդ մեղքերին մինչեւ ձեր մահը թողութիւն չի տրուելու, -ասում է Զօրութիւնների Տէրը։
15 Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը. Դու գնա՛, մտի՛ր դիւան, Սոմնաս հանդերձապետի մօտ, եւ ասա՛ նրան.
16 Ինչո՞ւ ես եկել այստեղ, ի՞նչն է բերել քեզ այստեղ. դու քեզ համար գերեզման ես փորել այստեղ, ժայռի մէջ քեզ համար օթեւան ես շինել։
17 Ահաւասիկ Զօրութիւնների Տէրը դուրս պիտի հանի ու սպանի քեզ, ո՛վ մարդ, պիտի մերկացնի քեզ քո պատմուճանից եւ փառապսակից։
18 Քեզ պիտի նետի մեծ ու անսահման երկիրը, եւ այնտեղ դու պիտի մեռնես. քո շքեղ կառքերը անարգանքի առարկայ պիտի դարձնի, քո իշխանական տունը ոտնատակ պիտի տայ։
19 Քո դիրքից ու աստիճանից պիտի զրկուես։
20 Այն օրը պիտի կանչեմ իմ ծառայ Եղիակիմին՝ Քեղկիայի որդուն,
21 նրան պիտի հագցնեմ քո պատմուճանը, պիտի տամ նրան քո պսակն իր ճոխութեամբ, քո հազարապետութիւնը նրա ձեռքը պիտի տամ, եւ թող նա հայր դառնայ Երուսաղէմի ու Յուդայի երկրի բնակիչների համար։
22 Դաւթի բանալիները պիտի տամ նրան. նա պիտի իշխի, եւ ոչ ոք չի կարողանալու նրան հակառակ կանգնել։
23 Նրան իշխան պիտի կարգեմ հաստատուն մի տեղ, եւ թող նա բազմի իր հօր տան փառքի աթոռին։
24 Թող նրան ապաւինեն իր հօր տան բոլոր պատուաւոր մարդիկ՝ փոքրից մինչեւ մեծը։ Բոլոր անօթները, մանր թէ մեծ, մինչեւ կարասները, նա պիտի բացի, եւ ոչ ոք չի կարողանալու փակել, պիտի փակի, եւ ոչ ոք չի կարողանալու բացել։ Այն ժամանակ ամէն ինչ կախուած է լինելու նրանից։
25 Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը. Աներեր մարդը պիտի շարժուի իր հաստատուն տեղից, պիտի ընկնի ու կործանուի, եւ նրա փառքը պիտի վերանայ նրանից, - քանզի Տէ՛րը խօսեց։