ԵՍԱՅԻ. Chapter 38

1 Այն ժամանակ Եզեկիան հիւանդացաւ մահացու հիւանդութեամբ. Ամոսի որդի Եսային եկաւ նրա մօտ ու ասաց. Այսպէս է ասում Տէրը. Պատուէ՛ր տուր տանդ համար, որովհետեւ մեռնելու ես, չես ապրելու։
2 Եւ Եզեկիան երեսը շրջեց դէպի պատը, աղօթք արեց ու ասաց.
3 Ո՛վ Տէր. յիշի՛ր ինձ, Տէ՜ր, քանզի քո առաջ արդարութեամբ ու ճշմարիտ սրտով ընթացայ եւ քեզ համար հաճելի գործեր կատարեցի։ Ապա մեծ ցաւով լաց եղաւ Եզեկիան։
4 Եւ Տէրը, խօսքն ուղղելով Եսայուն, ասաց.
5 Գնա՛ եւ ասա՛ Եզեկիային, թէ այսպէս է ասում քո հօր՝ Դաւթի Տէր Աստուածը. Լսեցի քո աղօթքի ձայնը եւ տեսայ քո արցունքները. ահաւասիկ քո կեանքի ժամանակի վրայ աւելացնում եմ տասնհինգ տարի.
6 Ասորեստանի արքայի ձեռքից պիտի փրկեմ քեզ ու այս քաղաքը, պիտի պահապան լինեմ այս քաղաքին։
7 Եւ Տիրոջ կողմից թող սա նշան լինի քեզ, թէ Աստուած կատարելու է այն խօսքը, որ ասաց.
8 Ահաւասիկ ես յետ եմ դարձնելու քո աստիճաններին ընկած ստուերը. քո տան տասը աստիճաններով ներքեւ իջած շողքը ես տասը աստիճանով յետ եմ շրջելու։ Եւ շողքը բարձրացաւ տասը աստիճան, հասաւ այնտեղ, ուր ստուերն էր իջել։
9 Հրէաստանի արքայ Եզեկիայի աղօթքը այն ժամանակ, երբ նա հիւանդացաւ եւ ապաքինուեց հիւանդութիւնից.
10 Ես ասում էի, թէ երբ իմ օրերն սպառուեն, մնացած տարիներս թողած՝ ընկնելու եմ գերեզմանի դռները։
11 Ասում էի, թէ երկրի վրայ այլեւս չեմ տեսնի Աստծու փրկութիւնը, էլ չեմ տեսնի մարդ ու բնակիչ։
12 Զրկուեցի ես իմ ազգատոհմից, թողի իմ մնացած կեանքը, որը ելաւ ու հեռացաւ ինձնից,ինչպէս քանդւում է կանգուն տաղաւարը։ Իմ հոգին ինձնից ահա ուր որ է պիտի անջատուի, ինչպէս ջուլհակի ոստայնը, որ մօտ է կտրուելու։
13 Այն օրը դատապարտուած մնացի մինչեւ առաւօտ. ասես առիւծը ջարդէր իմ բոլոր ոսկորները, զօր ու գիշեր դատապարտուած մնացի։
14 Ճչում էի ինչպէս ծիծեռնակը եւ աղաւնու նման մնչում, որովհետեւ աչքերս տկարացան նայելուց դէպի երկնքի բարձունքը՝ դէպի Տէրը, որը փրկեց ինձ, փարատեց իմ հոգու ցաւերը
15 եւ ինքն էլ սահմանեց իմ բոլոր տարիները՝ ի դառնութիւն իմ անձի։
16 Այդ մասին քեզ պատմուեց, Տէ՛ր, եւ դու արթնացրիր իմ հոգին, ես մխիթարուեցի եւ ապրեցի։
17 Ահաւասիկ խաղաղութեան փոխուեց իմ դառնութիւնը. դու փրկեցիր իմ հոգին, որ չկործանուեմ, ինձնից յետ վանեցիր իմ բոլոր մեղքերը։
18 Գերեզմանում գտնուողները չէ, որ պիտի խոստովանեն քեզ, մեռածները չեն, որ պիտի օրհնեն քեզ,եւ ոչ էլ քո ողորմութեանն են յուսալու նրանք, ովքեր գերեզման են իջնում։
19 Ապրողները պիտի օրհնեն քեզ, ինչպէս ես այժմ։ Այսուհետեւ մանուկներ պիտի ծնեմ, որ պատմեն քո արդարութեան մասին,
20 ո՛վ փրկիչ իմ Տէր։ Եւ իմ կեանքի բոլոր օրերին քո աստուածային տաճարի առաջ չեմ դադարելու սաղմոսարանով օրհներգելու քեզ։
21 Ապա Եսային Եզեկիային ասաց. Թզի չի՛ր վերցրու, մանրի՛ր եւ դի՛ր վէրքիդ վրայ, եւ պիտի առողջանաս։
22 Իսկ նա պատասխանեց. Դա նշան է, որ Աստծու տաճա՞րը պիտի մտնեմ։