ԵՍԱՅԻ. Chapter 16
1 Մի՞թէ Սիոնի դստեր լեռը աւերակ ապառաժ է լինելու։
2 Մովաբացիների դո՛ւստր, դու պիտի լինես ինչպէս թռած թռչնի անտէր մնացած ձագը։
3 Սակայն դու էլ, Առնո՛ն, փոքր-ինչ երկա՛ր մտածիր՝ նրանց համար սգոյ տներ կառուցելու, որոնք, կարծես խաւարի մէջ, միջօրէի ժամին հանապազ փախչում են։
4 Նրանք զարհուրած են, բայց դու չես առաջնորդում. Մովաբի փախստականները քեզ մօտ են պանդխտելու, հալածողից քեզ մօտ են ապաւինելու, քանզի ընկաւ քո մարտակից ընկերը, կորաւ իշխանը, որ ոտքի տակ էր տալիս երկիրը։
5 Ողորմածութեամբ պիտի հաստատուի աթոռը, ու նրա վրայ, Դաւթի խորանի մէջ, ճշմարտութեամբ պիտի բազմի նա, ով դատելիս իրաւունքին հետամուտ պիտի լինի, պիտի ջանայ արդարութիւն անել։
6 Լսեցինք Մովաբի ամբարտաւանութեան մասին, քանզի նա խիստ հպարտացել էր, գոռոզացել ու ոխակալ դարձել. քո ամբարտաւանութիւնը ես վերացրի քեզնից,
7 բայց ոչ այնպէս, ինչպէս քո կախարդութիւնը, եւ ոչ էլ այնպէս, ինչպէս նրանք, որ Մովաբի ողբն են անում։ Մովաբի վրայ պիտի ողբան բոլոր նրանք, որոնք բնակւում են Դեսեթում, պիտի մրմնջան ու չամաչեն,
8 քանզի Եսեբոնի դաշտերն ու Սեբիմայի այգիները նուազեցին, ազգերի իշխանները կոտորեցին նրա ընտիր-ընտիր որթատունկերը, որոնք հասնում էին մինչեւ Յազեր, տարածւում անապատում,եւ նրանց շառաւիղները ձգուելով անցնում ծովից այն կողմ։
9 Դրա համար էլ Յազերի լացով պիտի լամ Սեբիմայի այգիների վրայ։ Ո՛վ Եսեբոն եւ Ելէիլա, ձեր ծառերը կոտորուեցին, որպէսզի ձեր հունձն ու այգեկութը վերանան, եւ ամէն ինչ կործանուի։
10 Ուրախութիւնն ու ցնծութիւնը պիտի վերանան այգիներից, ձեր այգեստանում ուրախութիւն չի լինելու, ձեր հնձաններում գինի չեն քամելու, որովհետեւ է՛լ այգեկութ չի լինի։
11 Ահա թէ ինչու իմ աղիքները քնարի նման պիտի հնչեն Մովաբի համար, իսկ իմ փորը, իբրեւ պարիսպ, նորոգեցիր։
12 Եւ դա քեզ համար պիտի լինի ամօթանք, որովհետեւ Մովաբը տանջուեց իր մեհեաններում եւ ուխտաւորի նման պիտի մտնի իր ձեռակերտ կռատների մէջ, որոնք չպիտի կարողանան փրկել նրան։
13 Սա է այն խօսքը, որ Տէրը մի ժամանակ ասաց Մովաբի մասին
14 եւ այժմ նորից խօսեց՝ ասելով. Երեք տարուայ ընթացքում, վարձկանի տարիների պէս, պիտի անարգուի Մովաբի փառքը՝ իր ողջ անսահման մեծութեամբ, եւ նա պիտի դառնայ սակաւամարդ ու աննշան։