ԵՍԱՅԻ. Chapter 7
1 Այնպէս պատահեց, որ Հրէաստանի թագաւոր Օզիայի որդի Յովաթամի որդու՝ Աքազի օրօք Ասորիքի արքայ Ռասիմը եւ Իսրայէլի արքայ Ռոմելայի որդի Փակէէն յարձակուեցին Երուսաղէմի վրայ, որպէսզի պատերազմեն նրա դէմ, բայց չկարողացան պաշարել այն։
2 Դաւթի տանը լուր հասաւ, թէ Ասորիքը դաշնակցել է Եփրեմի երկրի հետ, ու դողն ընկաւ նրա սիրտը, նրա ժողովրդի սիրտը. կարծես անտառում ծառը շարժուէր հողմից։
3 Տէրն ասաց Եսայուն. Դու քո փրկուած որդու՝ Յասուբի հետ Կտաւ սպիտակեցնողի ագարակի ճանապարհի վրայ, վերեւի ջրաւազանի դիմաց, ընդառա՛ջ ել Աքազին
4 եւ ասա՛ նրան. Զգո՛յշ եղիր եւ հանդարտուի՛ր. մի՛ վախեցիր, եւ թող քո անձը չզարհուրի ծխացող այդ երկու կիսախանձ փայտերից, քանզի երբ վրայ հասնեն իմ բարկութիւնն ու զայրոյթը, ձեզ դարձեալ պիտի ոտքի կանգնեցնեմ։ Արամի որդին եւ Ռոմելայի որդին
5 քո դէմ չար խորհուրդ խորհեցին։ Եփրեմը եւ Ռոմելայի որդին ոխով ասացին.
6 ՚Գնանք Հրէաստանի վրայ, խօսենք նրանց հետ, նրանց մեզ ենթարկենք եւ նրանց վրայ թագաւոր կարգենք Տաբէլի որդուն։
7 Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը. ՚ Այդ խորհուրդը չի կատարուելու եւ չի լինելու.
8 քանզի Ասորիքի գլուխը Դամասկոսն է, իսկ Դամասկոսի գլուխը՝ Ռասիմը։ Ե՛ւս վաթսունհինգ տարի, եւ Եփրեմի թագաւորութիւնն իբրեւ ժողովուրդ պիտի դադարի։
9 Եփրեմի գլուխը Սոմորոնն է, իսկ Սոմորոնի գլուխը՝ Ռոմելայի որդին. եթէ չհաւատաք, չէք էլ հասկանայ։
10 Տէրը նորից շարունակեց խօսել Աքազի հետ՝ ասելով.
11 Խորխորատում լինի թէ բարձունքում՝ քեզ համար նշա՛ն խնդրիր քո Տէր Աստծուց։
12 Իսկ Աքազը պատասխանեց. Չեմ խնդրի եւ Տիրոջը չեմ փորձի։
13 Եւ նա ասաց. Արդ, լսեցէ՛ք դուք, որ Դաւթի տնից էք. ձեզ թեթե՞ւ բան է թւում մարդկանց նեղութիւն պատճառելը, ինչո՞ւ էք ուզում Տիրոջը եւս նեղացնել։
14 Դրա համար էլ Տէրն ինքը ձեզ նշան է տալու։ Ահա կոյսը պիտի յղիանայ ու որդի ծնի, եւ նրա անունը պիտի լինի Էմմանուէլ.
15 իւղ ու մեղր պիտի ուտի նա. նախքան չարը ճանաչելը կամ այն ցանկանալը նա պիտի ընտրի բարին։
16 Դրա համար մանուկը բարին կամ չարը ճանաչելուց առաջ պիտի անարգի չարը եւ ընտրի բարին, եւ այն երկիրը, որից դու վախենում ես, պիտի լքուի երկու թագաւորների պատճառով։
17 Աստուած քեզ վրայ, քո ժողովրդի եւ քո հօր տան վրայ այնպիսի օրեր պիտի բերի, որ չեն եկել այն ժամանակից ի վեր, երբ Եփրեմն անջատուեց Հրէաստանից. -պիտի բերի Ասորեստանի արքային։
18 Այդ օրը Տէրը պիտի շարժի ճանճերին, որոնք Եգիպտոսի գետի միւս կողմն են գտնւում, եւ գոռեխներին, որոնք Ասորեստանի երկրում են։
19 Բոլորը պիտի գան ու նստեն քո երկրի ձորերում, ժայռերի ծերպերում ու քարայրներում, բոլոր փապարներում ու ամէն ծառի վրայ։
20 Այդ օրը Տէրը մեծ եւ արիւնով հարբած սրով՝ գետի այն կողմում եղած Ասորեստանի թագաւորի ձեռքով պիտի սափրի նրանց գլուխն ու ոտքի մազերը, խուզի նրանց մօրուքները։
21 Եւ այդ օրն այնպէս պիտի լինի, որ ամէն մարդ, մի երինջ եւ երկու ոչխար պահելով,
22 կաթի առատութիւնից իւղ պիտի ուտի. իւղ ու մեղր պիտի ուտի ամէն ոք, ով կենդանի կը մնայ այդ երկրում։
23 Այդ օրն այնպէս պիտի լինի, որ ամէն տեղ, ուր հազար որթատունկ էր աճում՝ հազար սիկղ արծաթի արժէքով, խոպան պիտի դառնայ եւ փշով լցուի։
24 Նետաձիգներ եւ աղեղնաւորներ պիտի մտնեն այնտեղ։ Ողջ երկիրը խոպան պիտի դառնայ ու փուշ բերի, եւ ամէն սարալանջ, ուր արօրն էր վարում, այլեւս ակօս չի ունենալու։ Երկիւղը չի հասնելու այնտեղ,որովհետեւ այդ խոպան ու փշոտ վայրերը պիտի դառնան գառան արօտավայր եւ եզան ոտքի կոխան պիտի լինեն։