ԵՍԱՅԻ. Chapter 47
1 Իջի՛ր ու նստի՛ր հողին, ո՛վ Բաբելոնի կոյս օրիորդ, նստի՛ր գետնին, որովհետեւ աթոռ չկայ, խաւարի մէ՛ջ մտիր, քաղդէացիների՛ դուստր, դու, որ այլեւս չես շարունակելու կոչուել քնքուշ ու փափկասուն։
2 Երկա՛նք առ, ալի՛ւր աղա, դէ՛ն նետիր քօղդ, քաշի՛ր մազերդ.
3 մերկացրո՛ւ սրունքներդ եւ անցի՛ր գետի միջով, ու թող յայտնուի քո ամօթը, թող երեւայ քո նախատինքը, քանզի քեզնից վերցնելու եմ քո իրաւունքները։ Նա, որ փրկեց քեզ, այլեւս չի մատնի քեզ մարդկանց.
4 նրա անունը Զօրութիւնների Տէր է, Իսրայէլի սուրբ։
5 Նստի՛ր թախծոտ ու զղջացած, մտի՛ր խաւարի մէջ, ո՛վ քաղդէացիների դուստր, էլ չես կոչուի թագաւորութիւնների զօրութիւն։
6 Ես բարկացել էի իմ ժողովրդի վրայ, որովհետեւ պղծեցին իմ ժառանգութիւնը։ Ես նրանց մատնեցի քո ձեռքը, իսկ դու ողորմածութիւն չարեցիր նրանց նկատմամբ։
7 Ծերերի լուծը սաստիկ ծանրացրիր եւ ասացիր. Ես յաւիտեան իշխան կը մնամ։ Երբեք չմտածեցիր ու չյիշեցիր վախճանի մասին։
8 Արդ, լսի՛ր այս, ո՛վ դու փափկասուն, որ նստել էիր ինքնագոհ եւ սրտիդ մէջ ասում էիր, թէ՝ Ե՛ս եմ, եւ ինձ հաւասար ոչ ոք չկայ, որբեւայրութիւն չեմ քաշելու եւ որբութիւն չեմ ճանաչելու։
9 Սակայն դրանք երկուսն էլ՝ որբեւայրութիւնն ու անզաւակութիւնը, մէկ օրուայ մէջ յանկարծակի քեզ վրայ են հասնելու, անսպասելի քեզ վրայ են գալու քո դիւթութիւնների, քո սաստկացող կախարդութիւնների պատճառով,
10 քո ինքնավստահութեան ու չարութեան պատճառով, որովհետեւ ասում էիր, թէ՝ Ե՛ս եմ, եւ ինձ հաւասար ոչ ոք չկայ։ Դո՛ւ, որ այդպէս ես մտածում, իմացի՛ր, որ քո պոռնկութիւնը ամօթանք պիտի լինի քեզ համար, քանզի քո սրտի մէջ ասացիր. Ե՛ս եմ, եւ ինձ հաւասար ոչ ոք չկայ։
11 Քեզ այնպիսի կորուստ է վրայ հասնելու, որ չես իմանալու,այնպիսի խորխորատ, որ ընկնելու ես նրա մէջ. քեզ վրայ մի թշուառութիւն է գալու, որ չես կարողանալու յետ մղել, քեզ վրայ յանկարծակի աւերում է գալու, որ դու չես գիտակցելու։
12 Դէ հիմա մնա՛ քո դիւթութիւնների ու քո բազում կախարդութիւնների մէջ, որոնք քո մանկութիւնից սկսած սովորեցիր. գուցէ կարողանաս օգո՞ւտ քաղել, գուցէ կարողանաս ո՞ւժ առնել։
13 Չարչարուեցիր քո խորհուրդներով։ Թող վեր կենան ու քեզ փրկեն աստղագուշակները, որոնք դիտում են երկնքի աստղերը, թող պատմեն քեզ, թէ ի՛նչ է գալու քո գլխին։
14 Ահաւասիկ նրանք բոլորը, ինչպէս խռիւ, պիտի այրուեն կրակի մէջ եւ իրենց հոգիները չպիտի կարողանան փրկել բոցից. նստած ես կրակի կայծերի վրայ. դրանք քեզ համար օգնութիւն պիտի լինեն։
15 Քո վաստակն այն վաճառականները եղան, որոնց հետ առեւտուր արեցիր քո մանկութիւնից.նրանք բոլորն էլ իրար յետեւից մոլորուեցին, եւ դու փրկութիւն չունես։