ԵՍԱՅԻ. Chapter 51
1 Լսեցէ՛ք ինձ, դուք, որ արդարութեան էք հետամուտ եւ փնտռում էք Տիրոջը, նայեցէ՛ք այն հաստատուն վէմին, որից կերտուել էք, եւ այն հորի փոսին, որից հանուել էք։
2 Ձեր հայր Աբրահամի՛ն նայեցէք եւ Սառայի՛ն, որ ծնեց ձեզ. քանզի ում ես կանչեցի, նա մէկն էր,օրհնեցի նրան, սիրեցի նրան եւ բազմացրի նրան։
3 Արդ, ես մխիթարելու եմ քեզ, Սիո՛ն, մխիթարելու եմ քո բոլոր աւերակները. քո բոլոր աւերակները դրախտի եմ վերածելու, արեւմտեան կողմն էլ՝ Տիրոջ դրախտի. ուրախութիւն ու ցնծութիւն են նրա մէջ տեղ գտնելու, փառաբանութիւն ու օրհնութեան ձայն։
4 Լսի՛ր ինձ, լսի՛ր ինձ, ո՛վ ժողովուրդ, ակա՛նջ դրէք ինձ, ո՛վ թագաւորներ, քանզի ինձնից է դուրս գալիս օրէնքը, եւ իմ դատաստանը լոյս է հեթանոսների համար։
5 Արագ, արա՛գ պիտի մօտենայ իմ արդարութիւնը, եւ իմ փրկութիւնը պիտի ելնի ինչպէս լոյս. հեթանոսներն իմ բազկին պիտի ապաւինեն, կղզիները պիտի սպասեն ինձ եւ յոյս դնեն իմ բազկի վրայ։
6 Դէպի երկի՛նք բարձրացրէք ձեր աչքերը եւ նայեցէ՛ք դէպի ցած՝ երկրին. երկինքը պիտի անցնի ինչպէս ծուխը, եւ երկիրը պիտի մաշուի ինչպէս ձորձերը, նրա բնակիչները եւս նոյն կերպ պիտի կորչեն, բայց իմ փրկութիւնը յաւիտենապէս պիտի մնայ, եւ իմ արդարութիւնը չի պակասելու։
7 Դուք, որ ճանաչում էք իրաւունքը, եւ դու, իմ ժողովո՛ւրդ, որ սրտիդ մէջ իմ օրէնքն ես կրում, լսեցէ՛ք ինձ. մի՛ վախեցէք մարդկանց նախատինքից, եւ նրանց բամբասանքը թող ձեզ ամօթանք չպատճառի,
8 քանզի ժամանակի ընթացքում դրանք պիտի մաշուեն ինչպէս ձորձերեւ ինչպէս բուրդ, որին ուտում է ցեցը, բայց իմ արդարութիւնը պիտի մնայ յաւիտեան, եւ իմ փրկութիւնը՝ սերնդից սերունդ։
9 Զարթնի՛ր, զարթնի՛ր, Երուսաղէ՛մ, եւ հագի՛ր քո բազկի զօրութիւնը, զարթնի՛ր, ինչպէս հին օրերում, ինչպէս վաղեմի ժամանակներում։ Մի՞թէ դու նա չես, որ հատեցիր ովկիանոսի լայնութիւնը, վանեցիր վիշապին.
10 Դու այն չե՞ս, որ ցամաքեցրեց ծովը, անդունդների ջրերի յորդութիւնը եւ ծովերի խորութիւնները ճանապարհ դարձրեց, որպէսզի այնտեղով անցնեն փրկուողներն ու ազատուողները։
11 Տիրոջ շնորհիւ պիտի լինի վերադարձը, եւ նրանք Սիոն են գալու ցնծութեամբ ու յաւիտենական ուրախութեամբ. նրանց գլխի վրայ օրհնութիւն պիտի լինի, եւ ուրախութիւնը պիտի հասնի նրանց. ցաւը, տրտմութիւնն ու հեծութիւնը պիտի հեռանան։
12 Ես եմ, ես այն նոյնն եմ, որ մխիթարեցի ձեզ։ Իմացի՛ր, թէ դու ո՛վ էիր, որ վախեցար մահկանացու մարդուց եւ ադամորդուց, որոնք չորացան ինչպէս խոտ։
13 Դու մոռացար Աստծուն՝ քո Արարչին, որ ստեղծեց երկինքը եւ հաստատեց երկիրը, ու դու միշտ, ամէն օր վախենում էիր քեզ նեղողի բարկութիւնից՝ մտածելով, թէ նա կը բնաջնջի քեզ։ Բայց ո՞ւր է քեզ նեղողի բարկութիւնը։
14 Քո փրկութիւնը նա չի կարող կասեցնել, չի կարող ուշացնել, ոչ էլ կարող է քեզ ոչնչացնելով սպանել. եւ քո հացը չի պակասելու։
15 Ես եմ քո Տէր Աստուածը, որ ալեկոծում եմ ծովը եւ նրա ալիքներին ստիպում մռնչալ. Զօրութիւնների Տէր է իմ անունը։
16 Իմ խօսքերը քո բերանը դրեցի եւ իմ ձեռքի հովանու տակ առայ քեզ, որպէսզի երկինքը կանգնեցնեմ,երկրի հիմքերը հաստատեմ եւ ասեմ Սիոնին. Դու իմ ժողովուրդն ես։
17 Զարթնի՛ր, զարթնի՛ր, ել կանգնի՛ր, Երուսաղէ՛մ, դու, որ Տիրոջ ձեռքից խմեցիր նրա բարկութեան բաժակը, կործանման բաժակը, ցասման բաժակը, որ խմեցիր ու դատարկեցիր։
18 Եւ քո բոլոր որդիների մէջ, որոնց դու ծնեցիր, մէկը չեղաւ, որ մխիթարէր քեզ. քո բոլոր որդիների մէջ, որոնց դու մեծացրիր, մէկը չեղաւ, որ զօրավիգ դառնար քեզ։
19 Երկու բան կայ քեզ հակառակ. եւ ո՞վ է, որ ցաւակից է լինելու քեզ. կործանում եւ կոտորած, սով եւ սուր է լինելու, եւ ո՞վ է, որ մխիթարելու է քեզ։
20 Քո որդիները, տարակուսած, քուն են մտել բոլոր ճանապարհների խաչմերուկներում։ Նրանք կարծես կիսեփ ճակնդեղ լինեն։ Նրանց մէջ Տիրոջ բարկութիւնն է լցուած, նրանք խոտորուած են Տէր Աստծուց։
21 Դրա համար էլ լսի՛ր, ո՛վ տառապեալդ, որ հարբած ես, բայց ոչ գինուց։
22 Այսպէս է ասում Տէր Աստուած, որ դատում է իր ժողովրդին. Ահա քո ձեռքից հեռացրի կործանման բաժակը, իմ բարկութեան բաժակը, եւ դու այլեւս չես խմելու այն։
23 Այն տալիս եմ քեզ վնասողների ձեռքը, նրանց ձեռքը, ովքեր տառապանքի դատապարտեցին քեզ, ովքեր քեզ ասում էին. Խոնարհուի՛ր, որ անցնենք։ Եւ քո մէջքը գետնին հաւասար դարձրին քո վրայով անցնողների համար։