ԵՐԿՐՈՐԴ ՕՐէՆՔ. Chapter 13

1 Եթէ ձեր միջից մի մարգարէ կամ երազահան երեւան գայ եւ քեզ մի նշան կամ հրաշք ցոյց տայ,
2 քեզ ասած նշանը կամ հրաշքը կատարուի, եւ յետոյ նա ասի՝ Գնանք պաշտենք ձեզ անծանօթ օտար աստուածներ,
3 ապա այդ մարգարէի կամ երազահանի խօսքերը մի՛ լսէք, որովհետեւ Տէր Աստուածը փորձում է ձեզ, իմանալու համար, թէ ձեր ամբողջ հոգով ու ձեր ամբողջ էութեամբ սիրո՞ւմ էք մեր Տէր Աստծուն։
4 Ձեր Տէր Աստծու յետեւի՛ց գնացէք, նրանից երկնչեցէ՛ք, նրա պատուիրանները կատարեցէ՛ք, նրա ասածը լսեցէ՛ք ու նրան յարեցէ՛ք,
5 թող այն մարգարէն կամ երազահանը մեռնի, որովհետեւ աշխատում է քեզ ապստամբեցնել քո Տէր Աստծու դէմ, որը քեզ դուրս բերեց Եգիպտացիների երկրից, քեզ փրկեց ստրկութեան երկրից. թող այն մարգարէն մեռնի, քանզի քեզ շեղեց այն ճանապարհից, որով քո Տէր Աստուածը պատուիրել էր ընթանալ իր հետ։ Դրանով չարը կը վերացնես ձեր միջից։
6 Եթէ քո հօր կամ մօր կողմից քո եղբայրը, քո տղան կամ քո աղջիկը, քո ծոցում պառկող կինդ կամ անձիդ պէս սիրելի բարեկամդ գաղտնաբար քեզ ասի՝ Գնանք պաշտենք քեզ եւ քո հայրերին անծանօթ օտար աստուածներ,
7 որոնք ձեր շուրջը գտնուող, քեզ մօտիկ կամ քեզանից հեռու ազգերի աստուածներ են երկրի մի ծայրից մինչեւ երկրի միւս ծայրը,
8 ապա չհամաձայնուես նրա հետ, չլսես, չխնայես, չգթաս ու չպատսպարես նրան։
9 Ամենուր կը յայտնես այդ մասին. նախ քո ձեռքը թող բարձրանայ նրան սպանելու համար, որից յետոյ թող բարձրանայ ամբողջ ժողովրդի ձեռքը։
10 Քարկոծելով կը սպանէք նրան, որովհետեւ նա ուզում էր քեզ ապստամբեցնել քո Տէր Աստծու դէմ, որը քեզ դուրս բերեց Եգիպտացիների երկրից՝ ստրկութեան տնից։
11 Ամբողջ Իսրայէլն այդ լսելով թող զարհուրի, եւ ձեր միջից ոչ ոք թող չյանդգնի կատարել նման չար արարք։
12 Եթէ քո Տէր Աստծու՝ բնակուելու համար քեզ տուած քաղաքներից որեւէ մէկում լսես,
13 թէ՝ Մեր միջից անօրէն մարդիկ դուրս ելան ու յեղաշրջեցին իրենց քաղաքի բոլոր բնակիչներին՝ ասելով, թէ՝ Գնանք ու պաշտենք մեզ անծանօթ օտար աստուածներ,
14 ապա կը քննես, հարցուփորձ կ՚անես եւ մանրակրկիտ կը ստուգես նրանց։ Եւ եթէ իրօք հաւաստի է, որ այդ սրբապղծութիւնը տեղի է ունեցել ձեր մէջ,
15 ապա սրի հարուածներով կը կոտորէք այդ երկրի բոլոր բնակիչներին, նզովելով կը նզովէք այդ քաղաքն ու այն ամէնը, ինչ կայ այնտեղ եւ նրանց անասունները սրի կը քաշէք։
16 Նրա բոլոր աւարը կը հաւաքես այդ քաղաքի հրապարակի վրայ եւ քո Տէր Աստծու առջեւ քաղաքն ու նրա ամբողջ աւարը կը հրկիզես։ Այդ քաղաքն աւերակի թող վերածուի յաւիտեան եւ այլեւս թող չվերակառուցուի։
17 Նրա նզովուած իրերից ոչ մի բան չպէտք է անցնի քո ձեռքը։ Տէրը կը մեղմի իր բարկութիւնը, գթառատ կը լինի քո նկատմամբ, կ՚ողորմի քեզ եւ քեզ կը բազմացնի այնպէս, ինչպէս երդուել էր Տէրը քո հայրերին։
18 Եթէ լսես քո Տէր Աստծու ձայնը, այսինքն՝ պահես նրա բոլոր պատուիրանները, որ ես այսօր պատգամում եմ քեզ, քո Տէր Աստծու առջեւ բարին եւ հաճելին գործած կը լինես։